«Իսրայելի իշխանությունները պետք է սթափվեն և գիտակցեն, որ մեղավոր են»․ Կադիրովն Իսրայելից ներողություն է պահանջել պաղեստինցիների հետ բախումների համար
Իսրայելի իշխանությունները պետք է ներողություն խնդրեն շաբաթ գիշերն Արևելյան Երուսաղեմում պաղեստինցիների և իսրայելցի սահմանապահ ոստիկանության աշխատակիցների միջև տեղի ունեցած բախումների համար, հայտարարել է Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովը, փոխանցում է ria.ru-ն։
Նա Իսրայելի իշխանությունների գործողություններն անվանել է «սադրանք»՝ հայտնելով, որ դրանց նպատակն այն է, որ մահմեդականներն ի պատասխան իսրայելցի սահմանապահ ոստիկանության գործողությունների խախտեն օրենքը։
«Չէ որ հետո հնարավոր կլինի բոլոր խոսափողներից կրկին գոռալ, որ իսլամի հետևորդներն ահաբեկիչներ են»,- Telegram-ում գրել է Կադիրովը։
Նա հավելել է, որ միջազգային հանրությունը «չպետք է լռի այս իրավիճակում, և անօրինականությունը պետք է դադարեցվի»։ Չեչնիայի ղեկավարի խոսքով՝ մուսուլմանները չեն հանդարտվի, քանի դեռ չեն դադարեցվել «հավատացյալների դեմ բռնաճնշումները»։
«Ստեղծված իրավիճակում բոլորի համար ավելի լավ կլինի, եթե Իսրայելի իշխանությունները սթափվեն և գիտակցեն, որ մեղավոր են կատարվածի համար, ներողություն խնդրեն տեղի ունեցածի համար։ Պետք է կարգավորել հակամարտությունը, քանի դեռ ուշ չէ, հակառակ դեպքում հետևանքների մասշտաբներն աղետալի կլինեն»,- հավելել է Կադիրովը։
Արևելյան Երուսաղեմի երկու շրջանում՝ Տաճարի լեռան մոտ և Շեյխ Ջարախ թաղամասում, շաբաթ խռովություններ են սկսվել։ Կարմիր մահիկի տեղեկություններով ՝ վերջին օրերին վիրավորվել է ավելի քան 300 պաղեստինցի։ Իսրայելի ոստիկանությունը նաև հայտնում է առնվազն 17 տուժած աշխատակիցների մասին:
Արդեն ավելի քան մեկ շաբաթ է` այդ շրջանում բողոքի ցույցեր են կազմակերպվում։ Այնտեղ արաբների մի քանի ընտանիքներ են ապրում, Իսրայելի դատարանը որոշել է վտարել նրանց։
1956 թվականին Հորդանանի կառավարությունը ՄԱԿ-ի մերձավորարևելյան գործակալության հետ համագործակցությամբ 28 ընտանիք է բնակեցրել Շեյխ Ջարախ թաղամասում, սակայն նրանց սեփականության իրավունքի փաստաթղթեր չեն տվել։
ՄԱԿ-ի մերձավորարևելյան կարգավորման հարցերով հատուկ դեսպանորդ Թոր Վենեսլանդը մտահոգություն է հայտնել Արևելյան Երուսաղեմում տիրող իրադրության կապակցությամբ և Իսրայելին հորդորել է դադարեցնել մարդկանց տեղահանումը։