Չեխիան ՌԴ-ից ավելի քան 47 մլն դոլար փոխհատուցում կպահանջի 2014-ին Վրբետիցեում տեղի ունեցած պայթյունների համար
Չեխիան, որպես 2014 թվականին Վրբետիցե բնակավայրում տեղի ունեցած պայթյունների համար փոխհատուցում, որոշել է Ռուսաստանից մոտ 1 մլրդ կրոն (ավելի քան 47 մլն դոլար կամ գրեթե 350 մլն ռուբլի) պահանջել, հայտարարել է Չեխիայի ֆինանսների նախարար Ալյոնա Շիլերովան, հաղորդում է չեխական հեռուստատեսությունը։
«Միջազգային իրավունքի համաձայն՝ փոխհատուցում ստանալու ամենահավանական միջոցը միջազգային փոխհատուցումն է, քանի որ, եթե մենք, օրինակ, վնասի համար փոխհատուցման հարցով անցնենք քրեական դատավարության ընթացակարգով, դա շատ երկար կտևի»,- հայտարարել է Շիլերովան։
Միևնույն ժամանակ նա խոստովանել է, որ Ռուսաստանից այդ գումարը ստանալու շանսերը փոքր են։
Մոսկվայի և Պրահայի հարաբերությունները վատթարացել են, երբ Չեխիան Ռուսաստանի հատուկ ծառայություններին մեղադրել է նույն տարեթվին Վրբետիցե բնակավայրում զինամթերքի պահեստում տեղի ունեցած պայթյունին մասնակցության համար։
Ընդ որում, Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը հայտարարել է, որ հակահետախուզության հաշվետվություններում Վրբետիցեում ռազմամթերքի պահեստում «ռուսական գործակալների» ներկայության ապացույցներ չեն եղել: