Մայիսի 9-ը ծանր էր, որովհետև փորձում էինք վերապրել և վերաիմաստավորել տեղի ունեցածը, միաժանակ ուրախ էր, որ այսօր Արցախում շարունակում են հայեր ապրել և լսվում է հայոց լեզուն. Վլադիմիր Վարդանյան
Չգիտեմ՝ ինչքանո՞վ է Սահմանադրությանը համահունչ, որպես նախընտրական դաշինքի նպատակ հայտարարելը ոչ թե գալիք ընտրություններին հաղթանակ տանելը, այլ օրինական ընտրութունների միջոցով ձևավորված իշխանությանը հեռացնելը. այսօր ԱԺ խմբակցությունների ճեպազրույցների ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանն՝ անդրադառնալով Tert.am-ի հարցին, թե երեկ հայտարարվեց «Հայաստան» դաշինքի ձևավորման մասին և մաս կազմող ուժերը Ռոբերտ Քոչարյանի հետ միասին հռչակագիր ստորագրեցին, որի հիմնական նպատակը իշխանություններին հեռացնելն է, և նշվեց, որ ձեզ 44 օր ժամանակ է մնացել:
«Ցանկացած ուժ, որ մասնակցում է ընտրություններին, նպատակը պետք է լինի սահմանադրական, և նպատակը պետք է հանգի ընտրություններին հաղթանակ տանելուն: Թող սահմանադրականության տեսանկյունից ուսումնասիրեն դաշինքի նախաձեռնողների այդ հայտարարությունը»,- ավելացրեց նա:
Վլադիմիր Վարդանյանն ավելացրեց, որ իշխանությանը կարող է հեռացնել միայն ժողովուրդը, որովհետև իշխանություն կրողը ժողովուրդն է. «Որևիցե դաշինք որպես քաղաքական նպատակ չի կարող հայտարարել իշխանությանը հեռացնելը: Բոլոր քաղաքական ուժերին մաղթում եմ հաջողություն, որովհետև միայն ընտրությունների միջոցով Հայաստանում կարող է ձևավորվել իշխանություն»:
Անդրադառնալով լրագրողի հարցին, թե Մայիսի 9-ը միշտ մեզ համար տոն է եղել, որպես խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչ, ձեզ ի՞նչ էիք զգում՝ հպա՞րտ, թե՞պարտված քաղաքացիներ էիք Ձեզ զգում, Վարդանյանը պատասխանեց, որ մայիսի 9-ը մեր կյանքում մշտապես եղել է, կա և կմնա տոն:
«Անցած տարի բավականին բարդ էր յուրաքանչյուրիս համար և պետք չէ խնդիրը քաղաքականացնել, որովհետև իմ կարծիքով ցանկացած ՀՀ քաղաքացի և հայ շատ տարբեր, խառը զգացմունքներ ուներ: Ծանր էր յուրաքանչյուրիս համար, որովհետև այո,՛ շատ դեպքերում մենք փորձում էինք վերապրել և վերաիմաստավորել տեղի ունեցածը, և միաժանակ ուրախ էր, որ այդուհանդերձ մտածում ենք, որ այսօր Արցախում շարունակում են հայեր ապրել, Արցախում լսվում է հայոց լեզուն, Արցախն անկախ է և չի գտնվում որևիցե պետության վերահսկողության ներքո, և մենք երկար ճանապարհ ունենք, և բոլորս աշխատելու ենք, որպեսզի Արցախի տարածքային ամբողջականությունը վերականգնվի, որովհետև դա մեր և՛ քաղաքական, և՛ ազգային նվիրական նպատակներից մեկն է»,- նշեց նա: