Ազգային ժողովի հատուկ նիստը, մայիսի 10
Հայաստանի Ազգային ժողովն այսօր հատուկ նիստ է հրավիրել, որի օրակարգում վարչապետի ընտրության հարցն է:
Հիշեցնենք, որ մայիսի 3-ին ԱԺ հատուկ նիստում վարչապետի թեկնածու առաջադրված Նիկոլ Փաշինյանը չընտրվեց այդ պաշտոնում: Եթե այսօր եւս միակ թեկնածու Նիկոլ Փաշինյանը չընտրվի վարչապետ, ապա խորհրդարանը ցրվում է եւ նշանակվում են արտահերթ ընտրություններ:
Ի տարբերություն մայիսի 3-ի նիստի, այս անգամ վարչապետի թեկնածու առաջադրելու իրավունքը պատկանում է ոչ թե խմբակցություններին, այլ խորհրդարանի պատգամավորների 1/3-ին: Նիկոլ Փաշինյանին վարչապետի թեկնածու են առաջադրել «Իմ քայլը» խմբակցության գրեթե բոլոր պատգամավորները:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարական է տվել ապրիլի 25-ին, որի նպատակն այն է, որ երկու անգամ ԱԺ-ն վարչապետ չընտրի, որից հետո խորհրդարանը կլուծարվի եւ հունիսի 20-ին տեղի կունենան արտահերթ ընտրություններ:
Ըստ սցենարի, այսօր ԱԺ-ն չպետք է ընտրի Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում: