Միջնորդները փորձում են բալանսավորել Ադրբեջանի բավական կոշտ դիրքորոշման և Հայաստանի՝ ամեն ինչին համաձայն լինելու միջև. Աննա Կարապետյան (տեսանյութ)
Հայաստանը ոչ միայն պայման առաջ չի քաշում, որ Ադրբեջանը կատարի իր պարտավորություններն ու դադարեցնի հոգեբանական պատերազմը, այլև քննարկում է ենթակառուցվածքների հարցն ու պատրաստակամություն հայտնում կառուցողական լինել: Այս մասին «Առավոտյան լուրեր Լիլիթ Թումանյանի հետ» հաղորդման «Հայացք. Երկրագունդ» խորագրի ներքո ասել է «Հայացք» վերլուծական կենտրոնի տնօրեն Աննա Կարապետյանը՝
անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ Երևան կատարած այցին:
«Լավրովի ուղերձները Երևանում և մի քանի օր անց նաև Բաքվում պետք է ընկալել որպես միջնորդների ընդհանուր դիրքորոշում: Առնվազն՝ չկա այսօր հակադրում Ռուսաստանի և մյուս համանախագահների միջև»,- նշել է նա:
Փորձագետն ընդգծել է, որ միջնորդները փորձում են բալանսավորել Ադրբեջանի բավական կոշտ դիրքորոշման և Հայաստանի դիրքորոշման բացակայության, ամեն ինչ կատարելու խոստման, ամեն ինչին համաձայն լինելու միջև: Արդյունքում, բնականաբար, իրավիճակը փոխվում է հօգուտ Ադրբեջանի:
«Այս ամենի ներքո Հայաստանը ոչ միայն պայման առաջ չի քաշում, որ Ադրբեջանը կատարի իր պարտավորություններն ու դադարեցնի հոգեբանական պատերազմը, այլև քննարկում է ենթակառուցվածքների հարցն ու պատրաստակամություն հայտնում կառուցողական լինել, քայլեր կատարել»,- ասել է Կարապետյանը:
Նրա դիտարկմամբ, մեր համար շատ կարևոր այն ուղերձը, որ հակամարտությունը կարգավորված չէ, քանի դեռ կարգավիճակի հարցը լուծված չէ, այսօր անտեսվում է:
«ՌԴ-ն մի կողմից ունի ընկալում, որ կարգավիճակի հարցին պետք է անդրադարձ լինի, մյուս կողմից՝ Լավրովն ասում է, որ այժմ նպատակահարմար չէ անդրադառնալ քաղաքական հարցերին, ավելի կարևոր է վերականգնել հաղորդակցությունը, սովորել միասին ապրել և այդ ժամանակ կողմերն այլ կերպ կվերաբերվեն հարցերին»,- նշել է փորձագետը:
«Հայկական կողմը չի կարողանում աշխատել միջնորդների հետ, չի կարողանում տեղ հասցնել սեփական մոտեցումների ճշմարտացիությունն ու դրանք ընկալելի դարձնել: Իսկ գործընթացի հիմքն ու տրամաբանությունը այսօր է ձևավորվում, այսօր դա չանելու պարագայում, հետագայում իրավիճակը շտկելու շանսերը մինիմալ են լինելու»,- ասել է Աննա Կարապետյանը:
«Հայացք» վերլուծական կենտրոնի տնօրենի դիտարկմամբ, այսօր խախտվում է և՛ բանակցային տրամաբանությունը, և՛ արդարացի կարգավորման սկզբունքը:
Մանրամասները տեսանյութում: