Իսրայելա-պաղեստինյան հակամարտությունում առաջացել է վերահսկողության կորստի ռիսկ. ՄԱԿ
Մերձավորարևելյան հիմնախնդրի խաղաղ գործընթացի հարցերով ՄԱԿ-ի հատուկ համակարգող Տոր Վենեսլանդը մայիսի 6-ին մտահոգություն է հայտնել իսրայելա-պաղեստինյան դիմակայության գոտում լարվածության աճի պատճառով և կողմերին զսպվածության կոչ արել՝ վերահսկողության կորստի ռիսկի կանխման համար: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, համապատասխան հայտարարությունը նա հրապարակել է Twitter-ում:
«Ես խորապես անհանգստացած եմ լավածության և բռնության աճի պատճառով օկուպացված Արևմտյան ափին, ներառյալ Արևելյան Երուսաղեմում: Ես բոլոր կողմերի քաղաքական, կրոնական և հասարակական առաջնորդներին կոչ եմ անում հստակ հանդես գալու բռնության, սադրանքի և հրահրիչ հռետորաբանության դեմ»,- գրել է ՄԱԿ-ի հատուկ համակարգողը:
«Եթե իրավիճակն անուշադրության մատնենք, այն կարող է դուրս գալ վերահսկողությունից»,- նախազգուշացրել է Վենեսլանդը:
«Միայն վերջին օրերին երկու պաղեստինցի է սպանվել Իսրայելի անվտանգության ուժերի հետ առանձին միջադեպերի ընթացքում՝ ընդհարումների և հարձակումների համատեքստում: Հրազենով մեկ իսրայելացի է սպանվել պաղեստինցու կողմից վարվող ավտոմոբիլից, վիրավորվել է ևս մի քանի մարդ»,- թվարկել է հատուկ համակարգողն ամենաաղմկահարույց միջադեպերը:
Վենեսլանդն Իսրայելի անվտանգության ուժերին «առավելագույն զսպվածության» և սոսկ կյանքի պատշպանության դեպքում զենքի կիրառման կոչ է արել: «Բռնի գործողությունների համար մեղավորները պետք է անհապաղ ենթարկվեն պատասխանատվության»,- հավելել է նա: