Ընթացակարգը պարզեցվել է. Նիդեռլանդներում մինչև 16 տարեկան երեխաները ծննդյան վկայականում կկարողանան փոխել իրենց սեռը
Նիդեռլանդների իշխանությունները պարզեցրել են ծննդյան վկայականում 16 տարեկանից ցածր երեխաների սեռը փոխելու կարգը, ասվում է երկրի կառավարության կայքում:
Այսուհետ երեխաները կարող են փոխել իրենց սեռն առանց բժշկի և հոգեբանի եզրակացության:
«Պայմանները պարզեցվել են դեռ 2014-ին՝ տրանսգենդերների մասին օրենքի ընդունմամբ, և այժմ, օրենքի գնահատումից հետո, ընթացակարգն էլ ավելի է պարզեցվել», - ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Անդրադառնալով առողջապահական ծառայություններ մատուցող ընկերություններին՝ կառավարությունը բացատրել է, որ բժիշկը կամ հոգեբանը չեն կարող պարզել, թե որքան համոզված է մարդը հակառակ սեռին պատկանելու հարցում: Միևնույն ժամանակ, հոլանդական գենդերային բազմազանության կազմակերպությունում բժիշկների մասնակցությունը որոշումների կայացմանը համարվում է ինքնորոշման իրավունքի խախտում:
Կառավարությունում հավելել են նաև, որ, համեմատական միջազգային ուսումնասիրությունների համաձայն, սեռերի գրանցման առնչությամբ կրկնակի փոփոխություններ հազվադեպ են լինում:
Նշենք՝ նոր փոփոխությամբ ընթացակարգը կբաժանվի երկու փուլի: Առաջինը՝ սեռը փոխելու ցանկության գրավոր տեքստն է և 4-12 շաբաթվա ընթացքում այդ մտադրության հաստատումը: Համապատասխանաբար, երկրորդ փուլում սեռը փոխելու հարցով բավական կլինի ուղղակի դիմել դատարան: