Եթե որևէ մեկը պլաններ ունի ԱԺ ընտրությունների ընթացքում օրենք շրջանցել, շատ բարեկամաբար զգուշացնում եմ՝ հետևանքները լինելու են շատ ցավոտ. գլխավոր դատախազ (տեսանյութ)
2018 թվականից հետո Դատախազության աշխատանքի նկատմամբ վստահությունը ավելի է մեծացել, մեր արդյունքներն ավելին են՝ առանձին դեպքերում բազմապատիկներով: Այս մասին այսօր Ազգային ժողովում իր ամփոփիչ ելույթում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:
Չնայած դրան` նա նշեց, որ ինքը և իր գործընկերները իրենց աշխատանքում, մոտեցումներում, սկզբունքներում նույնն են՝ երեկ, նույնն են այսօր, վաղն էլ են նույնը լինելու: Արթուր Դավթյանն ասաց, որ քաղաքական գործընթացները ժամանակի ընթացքում, թեև փոփոխության ենթարկվում են, սակայն պետությունը և պետականությունը անսասան պետք է լինեն:
«Այդ նույն ծանր ժամանակահատվածում ունեցանք նաև մեր շարքերում անձինք, որոնք, եթե մեղմ ձևակերպեմ՝ հուզական ազդեցությանը չկարողացան դիմակայել, պատշաճ, պատասխանատու վերաբերմունք չկարողացան ցուցաբերել իրենց առաքելության նկատմամբ», -ասաց նա և նշեց, որ այդ դեպքերը աննշան փոքր չափ են կազմում:
Գլխավոր դատախազը նշեց, որ մեր վիրավոր հայրենիքը թևակոխում է շատ ճակատագրական ու շատ կարևոր համապետական միջոցառման՝ ԱԺ արտահերթ ընտրությունների փուլ: Նա բոլոր մասնակիցներին հորդորեց դրսևորել բացառապես իրավահպատակ վարքագիծ, անկեղծ, առանց խաբելու, առանց կեղծելու, առանց ատելության խոսքի, առանց վիրավորանքի ներկայանալ հասարակությանը և յուրաքանչյուրը անկեղծորեն պատասխանատու լինի, որ ՀՀ յուրաքանաչյուր քաղաքացի հանգիստ, խաղաղ պայմաններում ազատ կամաարտահայտությամբ կարողանա իր ընտրությունը կատարել:
«Եթե որևէ մեկի մտքով անցնելու է, որ այս համապետական պատասխանատու գործընթացում պլաններ ունի օրենք շրջանցելու, ես այս պահին շատ բարեկամաբար զգուշացնում եմ՝ հետևանքները լինելու են շատ ցավոտ, քանի որ դրա արձագանքը լինելու է շատ, շատ կոշտ»,-ասաց նա: