Հնարավոր աղտոտման պատճառով ԱՄՆ-ն կարող է դեն նետել Johnson & Johnson-ի պատվաստանյութի շուրջ 70 միլիոն դեղաչափ. The New York Times
ԱՄՆ-ն հնարավոր աղտոտման պատճառով կարող է դեն նետել Johnson & Johnson հակակորոնավիրուսային պատվաստանյութի շուրջ 70 միլիոն դեղաչափ, հայտնում է The New York Times-ը՝ վկայակոչելով սեփական իրազեկ աղբյուրների խոսքերը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բալթիմորում գտնվող գործարաններից մեկը պատահաբար խառնել էր հակակորոնավիրուսային երկու տարբեր պատվաստանյութերի բաղադրիչները, որի հետևանքով օգտագործման համար անպիտան էր դարձել J&J պատվաստանյութի շուրջ 15 միլիոն դեղաչափ:
Լրատվամիջոցի կառավարական աղբյուրի խոսքով՝ ԱՄՆ սննդի և դեղերի վարչությունն անհանգստացած է աղտոտված դեղաչափերի հետ միաժամանակ արտադրված այլ խմբաքանակների հնարավոր աղտոտմամբ: ԱՄՆ կարգավորող մարմինը այժմ քննարկում է գործարանում արտադրվող J&J պատվաստանյութի շուրջ 70 միլիոն դեղաչափը չօգտագործելու հնարավորությունը:
Ըստ պարբերականի տեղեկությունների` ԵՄ, Կանադա և Հարավային Աֆրիկա մատակարարված J&J-ի «կասկածելի» դեղաչափերի ընդհանուր քանակը տատանվում է 6-9 միլիոնի սահմանում:
Հիշեցնենք՝ ավելի վաղ ԱՄՆ սննդի և դեղերի վարչությունը և «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոններ» առողջապահական կարգավորիչները վերացրել էին Johnson & Johnson հակակորոնավիրուսային պատվաստանյութերի օգտագործման սահմանափակումները: Երկու կարգավորիչներն էլ կարծում են, որ պատվաստանյութը պետք է շարունակի օգտագործվել և վստահ են, որ այն անվտանգ և արդյունավետ է: