Մոտ 7 մլն մարդ. ըստ ամերիկացի գիտնականների` աշխարհում կորոնավիրուսի հետևանքով մահացածների իրական թիվը 2 անգամ գերազանցում է պաշտոնական ցուցանիշը
Վաշինգտոնի համալսարանի առողջության չափման և գնահատման ինստիտուտի (IHME) նոր վերլուծության մեջ նշվում է, որ կորոնավիրուսային համավարակի տարածման սկզբից առ այսօր վարակի հետևանքով մահացել է մոտ 6,9 միլիոն մարդ, ինչը պաշտոնապես գրանցված դեպքերի կրկնակի ցուցանիշից ավելին է, հայտնում է Al Jazeera լրատվականը։
Մահվան դեպքերը, ըստ զեկույցի, ամբողջությամբ չեն հաղորդվում, քանի որ ոչ բոլոր դեպքերում է մահը տեղի ունենում վարակից բուժվելու նպատակով հիվանդանոցում գտնվելիս, ինչպես նաև ոչ բոլոր դեպքերում են հիվանդները թեստավորված լինում։
Ըստ «Ջոնս Հոփքինս» համալսարանի տվյալների՝ մինչ այժմ գրանցվել է կորոնավիրուսով վարակման 155 միլիոն և վարակի հետևանքով մահվան 3,25 միլիոն դեպք։
Վաշինգտոնի համալսարանի առողջության չափման և գնահատման ինստիտուտը անկախ կազմակերպությունը է, որին հետևում են առողջապահության ոլորտի պատասխանատուները։ Կազմակերպության տնօրեն Քրիստոֆեր Մուրեյն ասել է․ «Եթե դուք շատ չեք թեստավորում, ապա բաց կթողնեք կորոնավիուսի հետևանքով մահացությունները»։
Ըստ կազմակերպության ուսումնասիրության՝ Միացյալ Նահանգներում վարակից մահացության դեպքերը 905 հազար են, մինչդեռ պաշտոնական տվյալների համաձայն՝ այն կազմում է 575 491 դեպք։