Ի՞նչ է իրենից ներկայացնում Ընտրական օրենսգրքի նոր նախագիծը. «Իմ քայլի» պարզաբանումները
Անցումային շեմը, ըստ Ընտրական օրենսգրքի նախագծի, կուսակցությունների համար կկազմի 4%՝ նախկին 5%-ի փոխարեն: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր, նոր նախագծի համահեղինակներից Վահագն Հովակիմյանը:
Ընդ որում, 3 կուսակցություն ունեցող դաշինքների համար դա կկազմի 8%` ներկայիս 7%-ի փոխարեն, իսկ 4 եւ ավելիի համար` 10%:
«Ընտրություններին մասնակցության ավանդի չափը կուսակցությունների համար կկազմի 7,5 միլիոն դրամ` ներկայիս 10 միլիոն դրամի փոխարեն, իսկ դաշինքների համար` 15 միլիոն` գործող 10 միլիոն դրամի դիմաց»,- ասաց Հովակիմյանը:
Նոր ԸՕ նախագծի խնդիրն է, ըստ պատգամավորի հավաստիացման, անել այնպես, որ ընդհանուր քաղաքական հայացքներով կուսակցությունները միավորվեն մեկ խոշոր կուսակցության մեջ:
«Խնդիրը նաեւ այն է, որպեսզի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, ինչպես նաեւ մյուս կուսակցությունները, չափերով մեծանան»,- խոստովանեց պատգամավորը:
Միեւնույն ժամանակ, նախընտրական քարոզարշավի բոլոր ծախսերը պետք է իրականացվեն այս կամ այն քաղաքական ուժերի անձնական միջոցներից: Սակայն նրանց բյուջեն չպետք է գերազանցի 800 միլիոն դրամը:
Հովակիմյանն ընդգծեց, որ նոր Ընտրական օրենսգրքի նախագիծը առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններում չի կիրառվելու: Նրա խոսքով՝ իշխանությունները որոշել են հին ընտրական համակարգով գնալ ընտրությունների: