ԱՄՆ-ն ուսումնասիրում է Ուկրաինային ցուցաբերվող օգնությունն ավելացնելու հնարավորությունը. Բլինկեն
Ամերիկայի Միացյալ Նահանգներն ուսումնասիրում է անվտանգության ոլորտում Ուկրաինային ցուցաբերվող օգնությունն ավելացնելու հնարավորությունը: Այդ մասին մայիսի 6-ին հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինկենը՝ ամփոփելով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ կայացած բանակցությունների արդյունքները, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«Մենք ակտիվորեն ուսումնասիրում ենք անվտանգության ոլորտում մեր համագործակցությունն էլ ավելի ուժեղացնելու հնարավորությունը, ինչպես նաև (այդ ոլորտում) Ուկրաինային օգնության ցուցաբերումը»,-Բլինկենն ասել է համատեղ մամուլի ասուլիսում:
Մայիսի 6-ին անցկացվում է Բլինքենի՝ Կիև կատարած երկօրյա այցի պաշտոնական մասը:
ԱՄՆ-ի պետքարտուղարը դարձել Է նախագահ Ջո Բայդենի վարչակազմի առաջին ներկայացուցիչը, որն այցելել է Ուկրաինա: