Տպավորություն է ստեղծվում, որ այս այս հոդվածը դառնում է քաղաքական ճնշման գործիք. Անի Սամսոնյանը՝ բռնության կոչերը քրեականացնելու մասին
Այսօր Ազգային ժողովում «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին հարցրեց 2019 թվականին ընդունված օրենքների փաթեթից, որով բռնության կոչերը քրեականացվել են:
«Մենք մեր գործընկերներին ասում էինք, որ այդ կարգավորումները զուրկ են իրավական որոշակիությունից և հայեցողական լայն դաշտ է ստեղծելու քննչական մարմինների համար, որ եթե Պետրոսն է, մեր ընկերն է, օրինակ՝ օգտագործում է պատկերավոր համեմատություններ և դա գրական ժանրից է, իսկ եթե Պողոսն է, որը մեր ընկերը չէ և թիրախավորված է, նա անում է բռնության կոչեր: Հիմա մեկ տարի անցել է, այս պահին 17 դեպք է տարվա արդյունքով, ուզում եմ հասկանալ, թե ի՞նչ խնդիրներ են առաջացել այս արաքը որպես բռնության կոչ որակելու»,-հարցրեց նա:
Արթուր Դավթյանը նշեց, որ դա շատ լավ նախաձեռնություն էր, անհրաժեշտ էր այդ օրենքի ընդունումը և դեռևս 2016 թվականին էր այդ նախաձեռնությամբ հանդես է եկել դատախազությունը: «Այն քրեաիրավական պայքարի արդյունավետության առումով դրական ազդեցություն ունեցել է, գնահատելու այդպիսի հնարավորություններ չի հանդիպել գործնականում, որ ասենք՝ սա մեր ընկեր Պետրոսն է, սա մեր ընկեր Պետրոսը չէ»,-ասաց նա՝ հավելելով, որ մեկնաբանությունների որոշակի խնդիրներ առաջացել են։
Անի Սամսոնյանը օրինակ բերեց, երբ մի քաղաքացի տեսանյութ է հրապարակում և հինգ հոգի գալիս են աշխատվայր՝ ասելով, որ պետք է ներկայանա, այնուհետև անընդհատ տանում և բերում են և չեն հասկանում՝ բռնության կո՞չ էր, թե՞ ոչ:
«Տպավորություն է ստեղծվում, որ քրեական օրենսգրքի այս հոդվածը այսօր դառնում է քաղաքական ճնշման գործիք, քանի որ մարդուն պատասխանատվության չես ենթարկում, բայց տանում-բերում ես քննչական մարմիններով, դա էլ հոգեբանական ճնշում է, և մարդը ինչ-որ պահից այլևս չի ցանկանում որևէ բան խոսել, խոսքի ազատության խնդիր կա»,-ասաց նա:
Արթուր Դավթյանը նշեց, պատրաստ է քննարկել այդպիսի ցանկացած դեպք: