Կալանավորման պրակտիկայի հետ կապված օրենսդրական կարգավորումների խնդիր չկա, խնդիրը իրավակիրառ պրակտիկայի մեջ է․ Արթուր Դավթյան (տեսանյութ)
Կալանավորման պրակտիկայի հետ կապված օրենսդրական կարգավորումների խնդիր չկա։ Խնդիրը բացառապես պայմանավորված է իրավակիրառ պրակտիկայի հետ։ Այս մասին ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանի այն հարցին, թե կալանքը որպես խափանման միջոց ընտրելու հիմքերի առկայության պարագայում դատարանների կողմից այդ հիմքերը չնկատելու խնդիրը օրենդրակա՞ն, թե՞ իրավակիրառ պրակտիկայի դաշտում է։
«Դա ունի և՛ դրական և՛բացասական զարգացման տեմպեր։ Դրական է նրանով, որ այդ փոխգործակցության արդյունքում մինչդատական վարույթ իրականացնող մարմինները ևս ունեցել են միջնորդությունների հիմնավորումների՝ նախկինում առկա կարծրատիպեր։ Ես այսօր պատասխանատու կերպով հայտարարում են, որ մենք ունենք կալանքի միջնորդությունների և հիմնավորումների հետ կապված նախադեպը չունեցող մակարդակ»։
Դավթյանը նշեց, որ ունենք միջնորդություններ, որոնցում մինչև 50 էջ նկարագրություն կա և դրա վերաբերյալ հատորներով փաստաթղթեր կարող են ներկայացվել դատարան։
«Մյուս խնդիրը դատարանների կողմից իրավամեկնաբանության դաշտում է։ Միշտ չէ, որ դատարանները, հատկապես նախնական կալանքներին, միջազգային պրակտիկայում ձևավորված մոտեցումներ են ցուցաբերում և մենք հաճախ ենք ունենում դատավորներ, որոնք նախնական հանցագործության դեպքը բացահայտելուց 2 օր հետո, քննելով միջնորդությունները, դրանց փորձում են անդրադառնալ քննությա մակարդակին համարժեք, այն դեպքում երբ և՛ Եվրոպական դատարանի և՛ մեր Վճռաբեկ դատարանի կողմից հին նախադեպեր կան։ Ամենամտահոգիչն այն է, որ վերադաս դատարանները հավաստում են, որ միջնորդությունը բավականաչափ հիմնավոր է եղել և պետք է բավարարել, սական գործը ժամանակային առումով իր նշանակությունը կորցրած է լինում։ Եղել է դեպք, որ դատարանը մեկուկես տարի հետո է համարել , որ մեր միջնորդությունը բավարար էր»։
Գլխավոր դատախազը գտնում է, որ իրավակիրառ պրակտիկայում մտահոգիչ իրավիճակ կա։