Այն քաղաքացիները, ովքեր կունենան պատվաստման հավաստագիր, ՀՀ գալու համար ՊՇՌ թեստի կարիք չեն ունենա. Անահիտ Ավանեսյան
Կառավարությունը այսօրվա նիստին որոշում կայացրեց փոփոխություններ կատարել կարանտինի մասին որոշման մեջ: Նախագիծը ներկայացրեց Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը՝ ասելով, որ սահմանափակումների շրջանակը կվերանայվի:
«Այն քաղաքացիները, ովքեր կունենան պատշաճ պատվաստման հավաստագիր՝ կանաչ անձնագիր, այսուհետ Հայաստան գալու համար լրացուցիչ ՊՇՌ թեստի կարիք չեն ունենա»,-ասաց նա: Նախարարի պաշտոնակատարը նշեց, որ Հայաստանը փորձում է ժամանակից հետ չմնալ ու քաղաքացիներին զերծ պահել ավելորդ կատարվող հետազոտություններից ու ֆինանսական միջոցներ ծախսելուց: Նա ասաց, որ մինչև մեկ տարեկան երեխաների համար երկիր մուտք գործելուց ՊՇՌ թեստավորման պահանջը հանել են:
Նիկոլ Փաշինյանն ասաց՝ շատ լավ կլինի, որ ՀՀ քաղաքացիները մեկնելուց առաջ պատվաստվեն: Փաշինյանի խոսքով՝ կարող են արձանագրել, որ Հայաստանում կորոնավիրուսի երրորդ ալիքը կայունացման որոշակի միտումներ է ցույց տալիս: «Հայաստանում կորոնավիրուսի երրորդ ալիքը կայունացման որոշակի միտումներ է ցույց տալիս, մենք բավականին լավ ենք կառավարել և կառավարում կորոնավիրուսի համավարակը»,-ասաց նա:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ բոլոր նրանց, ովքեր, իր բնորոշմամբ, փոթորիկներ էին ստեղծում կորոնավիրուսի պայքարի դեմ իրենց քայլերի շուրջ, խորհուրդ տվեց տեսնել, թե ինչ է տեղի ունեցել որպես օրինակ բերվող երկրներում: «Մենք ամենաճգնաժամային շրջանում ունեցել ենք օրը ընդհուպ 2000 դեպք, բայց իրավիճակը երբեք դուրս չի եկել վերահսկողությունից»,-ասաց Փաշինյանը:
Առողջապահության նախարարի պաշտոնակատարը տեղեկացրեց, որ երեկվա դրությամբ Հայաստանում պատվաստվել է յոթ հազար հարյուր քաղաքացի, իսկ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, թե ուրախ է, որ կառավարության անդամների մեծ մասը պատվաստվել է, պատվաստվել են, ինչպես ինքն է նշում, ձեռքի տակ եղած բոլոր պատվաստանյութերով: «Հայաստանը շատ արագ պետք է համալրի կանաչ երկրների շարքը»,-ասաց նա:
Անահիտ Ավանեսյանը նկատեց, որ թեև հիվանդացության նվազման միտում ունենք, սակայն այն պետք է օգտագործենք որպես ոսկե պատուհան՝ պաշտպանելու հաջորդ ալիքներից, քանի որ հիվանդացությունը ծանրանում է: Նա հայտնեց, որ տասից մի փոքր ավելի պատվաստանյութեր կան և եթե տվյալ երկրում տրված է քաղաքացուն կանաչ անձնագիր, ՀՀ-ն ընդունում է նրանց:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ հիմա նախնական տեղեկություններ կան, բայց մեծ հաշվով գրեթե տեսանելի է, որ մի որևէ պահից երկրները արգելելու են չպատվաստված քաղաքացիների մուտքը իրենց տարածք: «Պատվաստման գործըթնացը չի իրականացվում մեկ ներարկումով, այլ երկու ներարկումով է իրականացվում»,-ասաց նա: