Կորոնավիրուսի տարածման ֆոնին Եգիպտոսում կոշտ «լոքդաուն» է հայտարարվել
Եգիպտոսում, կորոնավիրուսի տարածման պատճառով, իշխանությունները ստիպված են եղել վերականգնել կոշտ սահմանափակումները: Կարանտին է հայտարարվել մուսուլմանների համար սուրբ Ռամադան ամսվա վերջին օրերին, գրում է Reuters-ը:
Երկրի վարչապետ Մուստաֆա Մադբուլին հատուկ հեռուստատեսային ուղերձ է հղել ազգին: Նա նշել է, որ «լոքդաունը» կներդրվի մայիսի 6-ից: Այս ժամանակահատվածում առևտրի կենտրոնները, խանութները, ռեստորաններ չեն գործելու:
Բացի այդ, արգելվել են նաև զանգվածային հավաքույթներն ու համերգները: Լողափերն ու զբոսայգիները փակ կլինեն մայիսի 12-ից 16-ը:
«Կառավարությունը խորապես մտահոգված է, որ քաղաքացիները լիովին չեն հետևում իրենց և շրջապատի առողջության պահպանման համար նախատեսված նախազգուշական միջոցներին: Մենք տեսնում ենք, որ վարակը մեծ ազդեցություն ունի ամբողջ ընտանիքի վրա, երբ մեկ մարդ հիվանդանում է, նա վարակում է իր ընտանիքի բոլոր անդամներին և ընկերներին»,- ասել է վարչապետը:
Մադբուլին հիշեցրել է, որ անհրաժեշտ է կրել դեմքի պաշտպանիչ դիմակներ և հավելել, որ իշխանություններն արդեն տուգանել են 1,7 միլիոն մարդու 3 դոլարի չափով՝ «դիմակային ռեժիմը» չպահպանելու համար: