Երբ ավարտվի ԼՂ-ում ՌԴ-ի խաղաղապահների պաշտոնավարման առաջին ժամկետը, կգնահատենք, թե արդյոք ՄԽ–ը պահպանել է իր ազդեցության մնացորդները․ Մոդեստ Կոլերով
Ռուսաստանցի վերլուծաբան Մոդեստ Կոլերովի խոսքով՝ չնայած Բաքուն նախկինում մերժել է Մինսկի խմբի հետ շփումը, Ռուսաստանը շարունակում է պահպանել իր մասնակցությունը դրան ՝ Լեռնային Ղարաբաղում իր խաղաղապահ գործողությունն էլ ավելի օրինականացնելու համար։
Նա Tert.am-ի հետ զրույցում նման դիտարկում է արել՝ անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի հնարավոր վերակենդանացման թեմային և հայտնեց իր համաձանությունը, որ փորձ է արվում հիմնախնդրի կարգավորման ձևաչափը վերականգնել։
«Ռուս խաղաղապահների ներկայիս մանդատը Երևանի և Բաքվի համաձայնությամբ բավականաչափ հուսալի չէ»,- նկատեց նա։
Նշենք, որ վերջերս Ռուստաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց էին ունեցել, որի ժամանակ կարևորել էին Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ բանակցությունների վերսկսումը ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո։
Հարցին՝ իր տպավորությամբ, ինչպես կաշխատեն Միացյալ Նահանգները և Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացում, Մոդեստ Կոլերովը պատասխանեց՝ ինչպես նախկինում, ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում։
Tert.am-ը մատնանշեց, որ տարածված հաղորդագրության համաձայն, երեկ Բաքվից Երևան հայ ռազմագերիների վերադարձը հնարավոր է եղել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերի շնորհիվ, ռուսաստանցի վերլուծաբանն արձագանքեց․ «Ռազմագերիների նոր խմբի վերադարձը եղել է Բաքվի որոշումը»։
Մեկ այլ դիտարկման, թե ինչ է կարծում, որքանով կարող է արդյունավետ աշխատել ԵԱՀԿ Մինսկի խումբը այն դեպքում, երբ չկարողացավ կանգնեցնել նախորդ տարվա պատերազմը, ռուսաստանցի վերլուծաբանը պատասխանեց՝ Մինսկի խումբը նոր պատերազմը կանխելու մանդատ չուներ:
«Նրա մանդատն է՝ նպաստել հակամարտող կողմերի բանակցություններին: Երբ ավարտվի Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահների պաշտոնավարման առաջին ժամկետը, մենք կգնահատենք, թե արդյոք Մինսկի խումբը պահպանել է իր ազդեցության մնացորդները: Հիմա դրա մասին խոսելը դեռ վաղ է»,- ասաց նա։