Արյունոտ կտոր, մազափունջ և մետաքսե գուլպաներ․ Ֆրանսիայում աճուրդի կհանվի Նապոլեոն Բոնապարտի հետ առնչություն ունեցող ավելի քան 300 իր
Ֆրանսիական Osenat աճուրդի տունը Նապոլեոն Բոնապարտի մահվան 200-ամյակի կապակցությամբ վաճառքի կհանի նրա հետ առնչություն ունեցող ավելի քան 300 իր, հաղորդում է Reuters-ը`նշելով, որ նախքան աճուրդի հանվելը, իրերը կցուցադրվեն Փարիզի հարավում գտնվող Osenat աճուրդի տանը։
Աճուրդի ամենատպավորիչ նմուշներից մեկը Բոնապարտի դիահերձման ժամանակ նրա մարմնի վրա դրված, նրա «ԴՆԹ-ն պարունակող» արյունոտ կտորն է, որը գնահատվում է մինչև 18 000 դոլար։
Մայիսի 5-ին Osenat-ը վաճառքի կհանի, ընդհանուր առմամբ, շուրջ 360 իր, որոնց թվում են նաև Նապոլեոնի մազափունջը, նրա մետաքսե գուլպաները և երկարաթև վերնաշապիկը, որի վրա կարմիր թելով ասեղնագործված է «N» տառը:
Վաճառքի հանված նմուշներից շատերը բերվել են Լոնգվուդ Հաուսից (Longwood House)՝ Նապոլեոնի վերջին նստավայրից։
Հավաքածուն ներառում է նաև զարդարված ափսե, որը Բոնապարտն օգտագործել է ընթրիքի համար, բյուրեղյա գավաթ, ինչպես նաև մի քանի գլխարկ։
«Նապոլեոնը զգալի քանակությամբ վերնաշապիկներ ուներ։ Նա ծայրահեղ մաքրասեր էր․ օրական երեք-չորս անգամ լոգանք էր ընդունում և մշտապես փոխում էր վերնաշապիկը»,- ասել է աճուրդի տան ներկայացուցիչը։
Ստորև ներկայացնում ենք աճուրդի հանված իրերից մի քանիսը։