Լեհաստանը ցանկանում է Դանիայից գնել Johnson & Johnson պատվաստանյութը, որը երկրում արգելվել է թրոմբոզ առաջացնելու պատճառով
Լեհաստանը ցանկանում է Դանիայից գնել Johnson & Johnson ընկերության արտադրած հակակորոնավիրուսային պատվաստանյութերը:
Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավիեցկիի՝ Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենին ուղղված նամակը:
«Լեհերը դրական են վերաբերվում պատվաստումներին, և օր-օրի ավելի ու ավելի շատ մարդ է պատվաստվում: Վերջին օրերին ես տեղեկություն եմ ստացել, որ Դանիան որոշում է կայացրել ներքին շուկայում չօգտագործել Johnson & Johnson պատվաստանյութը: Եթե Դանիան որոշի վերավաճառել իր պատվաստանյութերի մի մասը, ապա Լեհաստանը պատրաստ է գնել դրանք», - ասվում է Մորավիեցկիի նամակում:
Ներկայում Լեհաստանում օգտագործվում են Pfizer, Moderna, AstraZeneca և Johnson & Johnson ընկերությունների մշակած պատվաստանյութերը: Երկիրն արդեն ստացել է ընդհանուր առմամբ ավելի քան 12 միլիոն դեղաչափ պատվաստանյութ:
Johnson & Johnson-ի միաբաղադրիչ պատվաստանյութը մեծ տարածում ունի Լեհաստանում: Այն օգտագործվում է տեղում պատվաստումների համար:
Հիշեցնենք՝ ավելի վաղ Դանիան որոշում էր կայացրել դադարեցնել Johnson & Johnson և AstraZeneca պատվաստանյութերի օգտագործումը՝ թրոմբոզի առաջացման հավանականության պատճառով: