«Մի քիչ կքնեմ, կզբոսնեմ բնության գրկում և կմտածեմ՝ ինչ եմ ցանկանում անել հետո». Մերկելը խոստովանել է, որ «անհամբերությամբ» է սպասում պաշտոնավարման ավարտին
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ թեև առայժմ կանցլերի լիազորությունների ժամկետի ավարտից հետո իր հետագա անելիքների մասին մտածելու ժամանակ չունի, սակայն ծրագրում է այդ մասին մտածել պաշտոնը թողնելուց հետո, գրում է ria.ru-ն։
«Համավարակի օրերին շատ եմ աշխատում, ուստի ժամանակ չունեմ մտածելու, թե հետո ինչ եմ անելու։ Իսկ ահա պաշտոնավարմանս ավարտից հետո ես մի քիչ կքնեմ, կզբոսնեմ բնության գրկում և կմտածեմ՝ ինչ եմ ցանկանում անել։ Ես անհամբերությամբ սպասում եմ դրան, բայց առայժմ հաճույքով կանեմ իմ աշխատանքը»,- հայտարարել է Մերկելը՝ պատասխանելով համապատասխան հարցին։
Լրագրողի այն դիտարկմանը, որ նման պատասխանը ենթադրում , որ «քաղաքական գործիչը չի պատրաստվում առայժմ թոշակի անցնել», Մերկելը պատասխանել է․ «Կտեսնենք»։
Մերկելը, որը 2005 թվականից Գերմանիայի կանցլերն է, ավելի վաղ հայտարարել էր, որ իր ներկայիս պաշտոնավարման ժամկետը վերջինն է: Սեպտեմբերին Գերմանիայում տեղի կունենան խորհրդարանական ընտրություններ, որոնց արդյունքում կձևավորվի նոր կառավարություն, երկիրը կունենա նոր կանցլեր։