«Իմ քայլը» լքած պատգամավոր Աննա Գրիգորյանը արտահերթ ընտրություններին կմասնակցի «Վերածնվող Հայաստան» կուսակցության կազմում
Ես որոշում եմ կայացրել շարունակել իմ քաղաքական ուղին «Վերածնվող Հայաստան» կուսակցության հետ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Աննա Գրիգորյանը։
Նա նշեց, որ կուսակցությունը ստեղծվել է՝ իր հիմքում ունենալով Սյունիքը: «Այն հետպատերազմյա Հայաստանում ստեղծված կուսակցություն է, որը ստեղծվել է անհրաժեշտաբար, որովհետև գործող իշխանությունը համապատասխան ջանքեր և արդյունավետ գործողություններ չի իրականացրել և, մեծ հաշվով, անտարբերության է մատնել Սյունիքը», - ասաց նա և նշեց, որ կորիզը Սյունիքի համայնքապետերն են։
«Ես կարծում եմ, որ լավ աշխատանքի արդյունքում մենք լուրջ շանսեր կունենանք։ Ես ամուր եմ զգում այդ կուսակցությունում, որովհետև այդտեղ մարդիկ ոչ միայն խաղաղ պայմաններում, այլ նաև պատերազմի ժամանակ են ցույց տվել, թե ովքեր են իրենք, ինչպես են սիրում իրենց երկիրը»,–ասաց նա։
Ինչ վերաբերում է դաշինքով ընտրություններին մասնակցելու հարցին, մասնավորապես՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ, Աննա Գրիգորյանը նշեց, որ միասին են որոշելու՝ շարունակեն քաղաքական ուղին միասի՞ն, թե դաշինքով, և հիմա կոնսուլտացիաներ են ընթանում։
«Նոյեմբերի իննից հետո մեր հանրությունը չի կարող քննարկել՝ նախկին, ներկա, պետք է քննարկել՝ ովքեր կարող են այս երկիրը հանել այս վիճակից»,–ասաց նա։
Աննա Գրիգորյանը ճիիշտ չհամարեց ասել, թե այս թիմի անդամ եղել է, քանի որ ինքը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ չի եղել։ «Ինձ չէին կարող վախեցնել, չէին կարող գայթակղել, ես իմ սկզբունքներին հավատարիմ եմ մնալու միշտ»,–ասաց նա և նշեց, որ Հայաստանում չի կարող որևէ խնդիր լուծվել, եթե չկա միասնականություն, իսկ դա լինում է փոխադարձ հարգանքի դեպքում։
«Տարիներ շարունակ նախորդ ընդդիմությունը, որը այս պահին էլ դարձել է իշխանություն, վերցնում էր առանձին անհատի և նրան փորձում է ոչնչացնել, այս վերջին մի քանի օրն էլ նման գրոհ, կարելի է ասել, իմ նկատմամբ է եղել։ Ի՞նչ ,է ինձ ոնչնչացնելով կամ հանրային տիրույթում իմ կերպարը վարկաբեկել փորձելով, նրանք ճշմարտությո՞ւնն են դրանով ոչնչացնելու։ Ճշմարտություն կա, չէ՞, որ բոլորը տեսնում են»,–ասաց նա։