ՔՕ 300.1 հոդվածով մեղադրվող Միքայել Հարությունյանի մեղադրանքը ՍԴ որոշումից հետո ՀՔԾ-ն վերաորակել է՝ մեղադրանք առաջադրելով 309-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի մեղադրանքը Հատուկ քննչական ծառայությունում վերաորակվել է: Այս մասին հայտնում են Հատուկ քննչական ծառայությունից:
«Հարությունյանն այժմ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի փոխարեն որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 309 հոդվածի 3-րդ մասով»,-հայտնում են ՀՔԾ-ից:
Նշենք, որ 300.1 հոդվածը ՔՕ-ում այլևս չկա՝ Սահմանադարական դատարանը այն ճանաչեց հակասահմանադրական, այդ հոդվածով էր մեղադրվում Միքայել Հարությունյանը, իսկ 309-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է՝ պաշտոնեական լիազորություններն անցնելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:
Հիշեցնենք` ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանին մեղադրվում էր 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների օրերին սահմանադրական կարգը տապալելու մեջ, նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրված կալանավորումը, հայտարարվել էր միջազգային հետախուզում։