«Երկիրը վերադառնում է կառավարման նախագահական ձևին». Ղրղզստանի նախագահը ստորագրել է երկրի նոր սահմանադրության օրինագիծը
Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը ստորագրել է հանրաքվեով ընդունված երկրի սահմանադրության նախագիծը, ըստ որի՝ հանրապետությունը կվերադառնա կառավարման նախագահական ձևին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին:
Պաշտոնական միջոցառումը տեղի կունենա Ալա Արչա պետական նստավայրում: Դրան կմասնակցեն իշխանության բոլոր ճյուղերի ներկայացուցիչներ՝ խորհրդարանի պատգամավորներ, դատական իշխանության, երկրի կառավարության ներկայացուցիչներ և հասարակական գործիչներ:
Հիշեցնենք՝ Ղրղզստանում սահմանադրական հանրաքվեն անցկացվել է ապրիլի 11-ին՝ տեղական ինքնակառավարման մարմինների պատգամավորների ընտրությունների նույն օրը: Ըստ ԿԸՀ-ի՝ երկրի նոր հիմնական օրենքի նախագծին կողմ է քվեարկել ընտրողների 79,3 տոկոսը, իսկ դեմ՝ 13,7 տոկոսը: Հանրաքվեին մասնակցել է ընդհանուր ընտրողների գրեթե 37 տոկոսը:
Նոր սահմանադրության մեջ վերափոխվել են նախագահի և կառավարության ինստիտուտները: Նախագահն այսուհետ պատասխանատվություն կկրի կաբինետի կազմավորման և աշխատանքի համար, իսկ կաբինետի ղեկավար կդառնա նախագահի աշխատակազմի ղեկավարը: Փաստաթուղթը ենթադրում է խորհրդարանի անդամների թվի նվազում՝ 120-ից 90-ի:
Փաստորեն, առաջարկվող նորամուծություններով երկիրը կառավարական խորհրդարանական-նախագահական ձևից «վերադառնում է» կառավարման նախագահական ձևին: