Ever Given-ը կալանքի տակ կմնա
Ever Given բեռնանավը կմնա կալանքի տակ: Եգիպտոսի Իսմայիլիայի տնտեսական գործերով դատարանը մերժել է Ever Given բեռնանավը եւ դրա բեռները կալանավորելու որոշման դեմ նավի սեփականատիրոջ բողոքարկումը: Այս մասին հայտնում է եգիպտական Al-Ahram թերթը:
Որպես բողոքարկման հիմնավորում ապահովագրական ընկերությունը բերել է մի քանի պատճառ, այդ թվում` բեռի առգրավման օրինականության կասկածելիությունը եւ փոխհատուցումների վճարման համար Սուեզի ջրանցքի վարչակազմի շատ կարեւոր պահանջների հիմնավորման բացակայությունը:
Ապրիլի սկզբին Իսմայիլիայի տնտեսական գործերով դատարանը որոշում էր կայացրել առգրավել Ever Given բեռնանավը, քանի դեռ սեփականատերը 900 միլիոն դոլար չի վճարել: Փոխհատուցման չափը ներառում է Ever Given-ը տիղմից հանելու, նավի նորոգման, խցանման պատճառով ջրանցքի անգործունակության համար վարչակազմի ծախսերը: Ճապոնական Shoei Kisen ընկերությունը, որին պատկանում է բեռնանավը, ապրիլին հայտարարել էր, որ բանակցություններ է վարում փոխհատուցման կրճատման շուրջ:
Ever Given-ը, որի երկարությունը 400 մետր է, Չինաստանից Ռոտերդամ ուղեւորվելով, մարտի 23-ին Սուեզի ջրանցքի 151-րդ կիլոմետրում խրվել էր տիղմի մեջ՝ վեց օր փակելով այն եւ արգելափակելով երթեւեկությունը: Նավը տիղմից հանել էին մարտի 29-ին՝ մի քանի փորձերից հետո։ Գործողությանը մասնակցել են ավելի քան 15 քարշակներ։ Նավարկությունը վերականգնվել է։ Դեպքի պատճառով հերթում սպասող 422 նավերից վերջինները ապրիլի 3-ին են ջրանցքն անցել: