Ինդոնեզիայում ցանկանում են արտաքսել 2 բլոգերի, որոնք դեմքին բժշկական դիմակ կրելու փոխարեն, այն նկարել են (լուսանկար, տեսանյութ)
Ինդոնեզիայում տեղի իշխանությունները կարող են Բալիից արտաքսել երկու օտարերկրացի բլոգերների՝ կորոնավիրուսային համավարակի հետևանքով կիրառված սահմանափակիչ միջոցառումները խախտելու համար:
Ինչպես փոխանցում է Luxury Launches-ը, Թայվանի բնակիչ Ջոշ Պալեր Լինը սոցիալական ցանցերում տեղադրել է մի տեսանյութ, որում պարզ երևում է, թե ինչպես է Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Լեյա Սեն, որի դեմքին իրական բժշկական դիմակի փոխարեն «պաշտպանիչ դիմակ» է նկարված, մտնում մթերային խանութ և առանց որևէ խոչընդոտի անցնում անվտանգության աշխատողի կողքից:
Սկզբում անվտանգության աշխատակիցը չափել է նրա ջերմությունը, որից հետո բլոգերներն անցնել են խանութի տարբեր բաժիններով: Նրանց «զբոսանքը» ընդհատել է հաճախորդներից մեկը, որը նկատել է՝ ռուս աղջիկն իրականում դիմակ չի կրում:
Instagram սոցիալական ցանցում հրապարակված տեսանյութը կարճ ժամանակում միլիոնավոր դիտումներ է գրանցել: Այն չի վրիպել նաև Ինդոնեզիայի միգրացիայի հարցերով պատասխանատուների աչքից: Արտասահմանցիները հայտնաբերվել են, իսկ նրանց փաստաթղթերն առգրավվել են: Շուտով օրինախախտներին կհարցաքննեն տեղի հասարակական կարգի պահպանման գործակալության ներկայացուցիչները, որից հետո բլոգերներին մեղադրանք կառաջադրվի:
Լրատվամիջոցի տվյալներով՝ ռուս կնոջը և թայվանցուն սպառնում է մոտ 70 դոլարի չափով տուգանք կամ կղզուց արտաքսում:
Ամենայն հավանականությամբ, օրինախախտները կարտաքսվեն, քանի որ, ըստ Բալիի ոստիկանության պետ Դևա Նյոման Ռայ Դհարմադիի, նրանք ոչ միայն խախտել են օրենքը, այլև իրենց գործողություններով դրդել են տեղի բնակիչներին նույնկերպ վարվել:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ: