Բուրկինա Ֆասոյում իսլամիստների զինված հարձակման հետևանքով սպանվել է շուրջ 30 մարդ
Աֆրիկյան Բուրկինա Ֆասո երկրի արևելքում զինյալները հարձակում են իրականացրել գյուղերից մեկի վրա՝ սպանելով շուրջ 30 մարդու, հայտնում է Reuters-ը:
Ըստ երկրի անվտանգության ծառայության տվյալների՝ իսլամիստները հարձակվել են Նիգերի հետ սահմանի մոտակայքում գտնվող Հանտուկուրա գյուղի վրա:
Reuters-ի տեղեկություններով՝ այս շրջանում գործում են «Իսլամական պետությունը Մեծ Սահարայում» (ԻՊ-ի մաս) և «Անսար ուլ իսլամ» ահաբեկչական խմբավորումները, որոնք ձգտում են վերահսկողություն հաստատել երբեմնի խաղաղ տարածքների վրա:
Տեղի իշխանություններն արդեն իսկ հայտնել են 10 գյուղացու և 2 զինյալի սպանության մասին, սակայն անվտանգության խորհրդի աղբյուրները Reuters-ին հայտնել են, որ զոհերի թիվը գրեթե երեք անգամ ավելին է:
Ինչպես նշում է լրատվական գործակալությունը՝ այս հարձակումը վերջին տարիների ամենասարսափելիներից մեկն է:
Որևէ ահաբեկչական խմբամավորում դեռևս չի ստանձնել կատարվածի պատասխանատվությունը: