Չեմ կարող չանդրադառնալ այն բարբարոսությանը, որը տեղի է ունենում Ադրբեջանում՝ Արցախի օկուպացված տարածքներում. նպատակ ունեն վերացնել հայկական ցանկացած նմուշ. Վլադիմիր Վարդանյան (տեսանյութ)
Ներողություն եմ խնդրում, որ շեղվում եմ քննարկվող թեմայից, բայց ես չեմ կարող չանդրադառնալ այն շարունակական բարբարոսությանը, որը տեղի է ունենում Ադրբեջանում՝ Արցախի օկուպացված տարածքներում, մասնավորապես Շուշիում: Այս մասին այսօր ԱԺ-ում իր ելույթի ժամանակ ասաց «Իմ քայլը» իշխող խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը:
Պատգամավորը նշեց, որ այդ բարբարոսությունները տեղի են ունենում հակառակորդին անցած տարածքների շինարարական և վերանորոգման շրջանակներում՝ նշելով, որ քանդվել է Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու գմբեթը և վերադարձվել 1992 թվականի տեսքին:
«Գմբեթը դեռևս 19-րդ դարի վերջին 20-րդ դարի սկզբին ունեցել է այն տեսքը, որն ուներ մինչև քանդելը, ու սա արվում է մի շարք հստակ պատճառներով: Առաջին՝ վերացնել հայկական ինքնության վերաբերյալ ցանկացած նմուշ Ադրբեջանում և ևս մեկ անգամ ընդգծել Ադրբեջանի հայատյաց վերաբերմունքը, վերացնել այն ճարտարապետական դոմինանտան, որը Շուշիում մշտապես լինելու էր բարձր և տեսանելի ամեն հատվածից և ևս մեկ անգամ հստակ ընդգծել, որ Ադրբեջանը չի ցանկանում որևէ եղանակով հանդուրժել որևէ էթնիկ հայի ներկայությունն այդ տարածաշրջանում»,-ասաց նա:
Վլադիմիր Վարդանյանը նշեց, որ իր ներկայացրած նոր օրենքի նախագծով Քրեական օրենսգրքի միջազգային հանցագործությունների շարքում ավելացվել է հանցագործություն, որը վերաբերում է ազգային, ռասայական, կրոնական կամ այլ պատկանելության պատճառով որևէ խմբի մշակութային արժեքի ոչնչացմանը: Պատգամավորը նշեց, որ բոլոր միջազգային գործընկերներին այս մասին տեղեկացնելու է, և եթե միջազգային հանրությունը չարձագանքի այս ամենին, մենք կրկին ոչնչացված հուշարձաններ ենք ունենալու:
Մանրամասները՝ տեսանյութում։