Արհամարհելով իրավունքը՝ փորձ է արվում պայքարողներին ներգրավել որպես մեղադրյալ․ Արծվիկ Մինասյանը՝ ՀՅԴ անդամներին ՔԿ-ում հարցաքննելու մասին (տեսանյութ)
Ինչպես տեսնում ենք, այս կլոունադան շարունակվում է, որն ինչպես արձանագրել ենք՝ իրավական պետության ծաղրն է: Ստեղծում են մեծ գործ, որի շրջանակներում փորձ է արվում, արհամարհելով իրավունքը, հատկապես պայքարող ընկերներին ներգրավել մեղադրյալի կարգավիճակով: Այս մասին Քննչակա վարչության դիմաց ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը։
Հիշեցնենք, որ այսօր ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի նախագահ Սարգիս Կարապետյանը և ՀՅԴ անդամ Տարոն Մանուկյանը Քննչական կոմիտեից ծանուցագրեր են ստացել՝ որպես մեղադրյալ ներգրավվելու և մեղադրյալի կարգավիճակով հարցաքննվելու համար:
«Փորձում են կասեցնել պայքարը, թուլացնել, ստեղծել տպավորություն, որ իրենք շատ ուժեղ են, և ցավում եմ, որ այդ ամբողջ պրոցեսին ներգրաված են իրավապահ մարմինները, որոնք ծառայություն են մատուցում գլխավոր հանցագործին: Փոխանակ քրեական գործ հարուցեին և ներգրավեին այն հանցագործներին, որոնք ամբողջ ընթացքում Հայաստանը դավադիր պատերազմի մեջ են ներքաշել, 5000-ից ավելի զոհեր, հարյուր հազար հաշմանդամ և մարդկանց՝ տնավեր դարձնելու համար են մեղավոր, պետության կողմից իրականացված հանցագործություն են կատարել և պատժել, արհեստական քրեական գործեր են հարուցում պայքարող մարդկանց համար: Սա իրենց չի հաջողվի, քանի որ սա ոչ թե քաղաքական այս կամ այն ուժի իշխանություն ունենալու խնդիր է, այլ հայրենիքի փրկության պայքարն է»,- ընդգծեց նա:
Մինասյանը նշեց, որ բազմաթիվ արժանապատիվ քաղաքացիների նկատմամբ իրականացվում է ապօրինի քրեական հետապնդում.
«Չի բացառվում, որ առաջիկայում լինեն հրավիրյալ անձիք, որոնք հայտնվել են քաղաքական հալածանքի իրավիճակում: Արդեն գնահատել ենք, որ սա քաղաքական հետապնդում է և որևէ իրավաբանություն այստեղ չկա»:
Մինասյանը ընդգծեց՝ իշխանության կողմից թիրախավորվել է Դաշնակցություն կուսակցությունը, որովհետև այն պայքարող հիմնական առանցքներից է.
«Այս կերպ փորձում են շեղել պայքարը՝ սպասվող գործընթացների մասով, և ուղերձ հղել հասարակությանն, որ հույսներդ մի կապեք այս ուժի հետ: Բոլոր այն քննիչները, որոնք, որ հասկանում են այսքանը և չեն կանգնում հայրենիքի փրկության շարքերում, նրանք բոլորը դատվելու են: Բոլոր այն դատախազները, որոնք ծառայություն են մատուցում՝ ուրանալով, երդմնազանց լինելով, բոլորը կանգնելու են պատասխանատվության առաջ և անաչառ, անկախ դատարանի կողմից դատապարտվելու են: Բոլոր այն մարդիկ, որ այս կամ այն կերպ աջակցում են գլխավոր հանցագործի հանցավոր վարքագծին, բոլորը վաղ թե ուշ պատասխան են տալու»: