ԵՄ երկրները հունիսից կընդունեն COVID-19-ի դեմ պատվաստված բոլոր զբոսաշրջիկներին
Եվրոպական հանձնաժողովի ծրագրի համաձայն՝ հունիսի սկզբից ԵՄ երկրները կսկսեն ընդունել կորոնավիրուսի ցածր մակարդակ ունեցող երկրների զբոսաշրջիկներին, ինչպես նաև բոլոր այն զբոսաշրջիկներին, որոնք պատվաստվել են, հաղորդում է The Guardian-ը։
Ինչպես նշում է գործակալությունը, ԵՄ անդամ պետություններում պատվաստումների մակարդակի «կտրուկ աճի» կապակցությամբ հանձնաժողովի պաշտոնյաները հայտարարել են՝ ժամանակն է թուլացնել ուղևորությունների վերաբերյալ ոչ էական կանոնները:
Պաշտոնատար անձանց խոսքով՝ ԵՄ-ի սահմանները կվերաբացվեն հունիսի սկզբից ոչ ուշ, իսկ որոշումը այս երեքշաբթի և չորեքշաբթի հանդիպումների ժամանակ պաշտոնապես կհաստատեն անդամ պետությունները։
Նշվում է, որ երկիր ժամանելուց առաջ կամ դրանից հետո կորոնավիրուսի թեստի հանձնումը, կամ կարանտինը կարող է շարունակել գործել ԵՄ-ի մի շարք երկրներում։
Հանձնաժողովի առաջարկությունների համաձայն՝ անդամ պետությունները կթույլատրեն ԵՄ մուտք գործել այն քաղաքացիներին, որոնք ժամանումից առնվազն 14 օր առաջ ստացել են միությունում թույլատրված պատվաստանյութի երկրորդ չափաբաժինը: Բացի այդ, ԵՄ մուտք կկարողանան գործել չպատվաստված, բայց «լավ համաճարակաբանական իրավիճակ ունեցող երկրից» զբոսաշրջիկները։