Վրաստանում համավարակի 3-րդ ալիքի ֆոնին դադարեցվել է հասարակական տրանսպորտի աշխատանքը
Վրաստանում մայիսի 3-ից մայիսի 12-ը, կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակի պատճառով, հասարակական տրանսպորտը չի գործի, գրում է Sputnik-ի վրացական ծառայությունը:
Ինչպես պարզաբանվել է Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունում, արգելքը չի ազդի տաքսիների, ինչպես նաև միջքաղաքային փոխադրումների վրա: Քաղաքների միջև հաղորդակցությունը կընթանա նախկինում սահմանված կանոնների համաձայն:
Բացի այդ, ինչպես հայտնում է korrespondent.net-ը, իշխանությունների որոշման համաձայն, մայիսի 4-ից մայիսի 11-ն ընկած ժամանակահատվածում բոլոր օրերը հայտարարվել են հանգստյան: Մասնավոր և պետական հաստատությունների աշխատակիցներին խրախուսվում է աշխատել հեռավար ձևաչափով:
Ապրիլին երկրի առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Ամիրան Գամկրելիձեն հայտարարել էր, որ երկրում սկսվել է կորոնավիրուսի տարածման երրորդ ալիքը:
Նշենք՝ հանրապետությունում հիմնականում շրջանառվում է հիվանդության «բրիտանական» շտամը: Վրաստանում կորոնավիրուսային վարակի առաջին դեպքը հայտնաբերվել է 2020 թվականի փետրվարի 26-ին: Համավարակի սկզբից ի վեր երկրում արձանագրվել է կորոնավիրուսով հիվանդացության 312 445 դեպք (բնակչության 8,38 տոկոսը): Ապաքինվել է 293 052 հիվանդ, մահացել է 4 151 մարդ:
Հիշեցնենք՝ մարտի 15-ից Վրաստանի քաղաքացիները պատվաստվում են բրիտանա-շվեդական AstraZeneca և ամերիկյան Pfizer ընկերությունների մշակած դեղամիջոցներով: Առողջապահության նախարարության տվյալներով՝ արդեն իսկ պատվաստվել է ավելի քան 45 հազար մարդ: