Եթե պատվաստումը ճիշտ կազմակերպվի, կարող ենք արագ տեմպերով հաղթահարել համաճարակը․ ԱԺ պատգամավորներին էլ եմ խնդրում, որ պատվաստվեն ու լուսաբանեն այդ պատվաստման փաստը․ Նիկոլ Փաշինյան
Ուզում եմ բոլորին կոչ անել անպայման պատվաստվել և ԱԺ պատգամավորներին էլ եմ խնդրում, որ պատվաստվեն ու լուսաբանեն այդ պատվաստման փաստը, որովհետև հիմա աշխարհում կա շատ լայն քննարկում, և կա մեծ հավանականություն, որ 2021-ի երկրորդ կեսից կորոնավիրուսի դեմ չպատվաստված քաղաքացիների ճամփորդելու սահմանափակումներ կարող են մտցվել։ Այս մասին ԱԺ հատուկ նիստին, որի ընթացքում քննարկվում է վարչապետի ընտրության հարցը, հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
«Հիմա պատվաստանյութերի մատակարարումները կարգավորվում են, հասանելիությունն ընդլայնվում է, և պատվաստման ամբողջական ցիկլն ավարտելու համար անհրաժեշտ է մինչև երկու ամիս ժամանակ։ Մենք հիմա ունենք պատվաստանյութի բավականին մեծ պաշար ձեռք բերած, ընդ որում՝ տարբեր տեսակի պատվաստանյութերի, և հիմա մենք հնարավորություն ունենք սկսել լայնածավալ պատվաստումները»,-ասաց նա։
Փաշինյանը նշեց նաև, թե հիմա կորոնավիրուսի թվերի անկման փուլում ենք, և եթե պատվաստումը ճիշտ կազմակերպվի, կարող ենք արագ տեմպերով հաղթահարել համաճարակը։
Նրա խոսքով՝ դա կարող է նպաստել զբոսաշրջության ակտիվացմանը։ «Եթե պատվաստման ցիկլը ճիշտ կազմակերպենք, կարող ենք վերադարձնել 2019-ի ծավալները»,-ասաց նա՝ կոչ անելով պատվաստման վերաբերյալ շահարկումներին չտրվել։
«Եթե 200 մլն մարդու սովորական խմելու ջուր տան, նրանց շրջանում ջուր խմելուց հետո կարող են մարդիկ լինել, որ կվատանա, վստահաբար մարդիկ կլինեն, որ կմահանան, որովհետև, դժբախտաբար, մարդիկ մահանում են»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։