Եղել է առաջարկ, և այն քննարկման փուլում է, որևէ հավանականություն չկա, որ այդ առաջարկը կբավարարվի․ Թագուհի Թովմասյանը՝ ՀՀԿ–«Հայրենիք» դաշինքի ցուցակում իր ներգրավվածության մասին
Որպես «ժողովուրդ» օրաթերթի հիմնադիր մշտապես գաղթակղիչ և ոչ գաղթակղիչ առաջարկներ լինում են, հերթական առաջարկի դիտարկումն է եղել, զարմանում եմ, որ այս աղմուկը բարձրացավ. ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ասաց անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանն՝ անդրադառնալով «Հայաստանի Հանրապետական» կուսակցության և «Հայրենիք» դաշինքի ցուցակում ընդգրկված լիենելու մասին մամուլում եղած լուրերին:
«Եղել է առաջարկ և այդ առաջարկը հիմա քննարկման փուլում է և հավանականություն չկա, որ այդ առաջարկը կբավարարվի, որովհետև կան շահեր, որոնք պետք է համադրվեն, այլ ոչ թե հակադրվեն միմյանց, դեռ որոշում չկա: Ես ասել եմ, որ բոլորից առաջարկներ ունեմ, հիմա ուզում եմ հավաստիացնել, որ ես ունեմ մի շարք հարցեր` մեր երկրի անվտանգության, ազգային արժանապատվության, և’ մեր, և’ Արցախի ապագայի վերաբերյալ, և այս հարցերի պատասխանները պետք է ստանամ բոլոր այն կողմերից, որոնցից ստանում եմ առաջարկներ, որպեսզի հասկանամ՝ իմ քաղաքական ապագան ում հետ եմ կառուցում»,- պարզաբանեց նա:
Հարցին, թե Ձեզ համար ընդունելի կլինի՞ Ռոբերտ Քոչարյանի թիմում լինելը, կամ ընտրությունների գնալն այն քաղաքական ուժերի հետ, որոնք փակում էին ազատ խոսքի հարթակ համարվող «Ժողովուրդ» օրաթերթը, պատգամավորը պատասխանեց, որ այդ բոլոր խնդիրները իր աչքի առաջ է և դրա համար դժվարանում է կողմնորոշվել. «Ամենևին պարտադիր չէ, որ ես որոշում կայացնեմ որևէ մեկի հետ գնամ, գուցե ես քաղաքական «թայմ աութ» եմ վերցնում, և առաջիկա ընտրություններին չեմ մասնակցում՝ հաջորդին եմ մասնակցում: Ես շատ հարցեր ունեմ և ինքս պիտի ինձ նախ համոզեմ ի՞նչ եմ ուզում, հետո նոր իմ հանրային տեսակետը պնդեմ: Բազմաթիվ հարցեր, այդ թվում՝ նաև վերադարձը նախկին թիմ, բոլոր տարբերակներում ունեմ խնդիր, դրա համար պետք է երկար մտածեմ, ծանրութեթև անեմ հասկանամ՝ ի՞նչ եմ անելու»:
Հարցին. թե ո՞ր ուժերից է առաջարկներ ստացել, Թովմասյանը չցանկացավ պատասխանել, սակայն նշեց, որ խոսքը դերակատար ուժերի մասին է: