«Սոցիալական ցանցերը կօգտագործվեն մարդկանց փողոց հանելու համար»․ Բելառուսում ընդդիմությունը մայիսի 9-ին բողոքի ակցիա կանցկացնի
Բելառուսի ընդդիմության առաջնորդը տեղկեցարել է, որ մայիսի 9-ին երկրում բողոքի ակցիա կանցկացվի, հայտնում է korrespondent.net-ը։
Այս մասին ընդդիմության առաջնորդ Պավել Լատուշկոն ասել է Redaktionsnetzwerk Deutschland-ին տված հարցազրույցի ընթացքում։
«Ես սոցիալական ցանցերը կօգտագործեմ բելառուսցիներին փողոց հանելու համար։ Եթե Լուկաշենկոն ցուցարարներին ծեծի մայիսի 9-ին, ապա երկրի պատմության մեջ կմնա որպես ֆաշիստ», - ասել է Լատուշկոն։
Նրա խոսքով՝ Բելառուսում 2020 թվականի ամռանը տեղի ունեցած ցույցերի ընթացքում ձերբակալվել է 35 հազար մարդ, որից 4646-ը ենթարկվել է դաժան խոշտանգումների և դրա վերաբերյալ կան ապացույցներ, իսկ 9-ը մարդ մահացել է բռնությունների հետևանքով։
Ընդդիմադիր գործիչը նշել է, որ բռնությունները տարածվել են հասարակության բոլոր շերտերի վրա, և դրանք վատագույնն են Եվրոպայում վերջին 40 տարվա ընթացքում։
Հիշեցնենք, որ զանգվածային ցույցերը Բելառուսում մեկնարկել էին օգոստոսի 9-ին՝ նախագահական ընտրությունների արդյունքների հրապարակումից անմիջապես հետո, որոնց համաձայն՝ հաղթող էր ճանաչվել գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Երկրի քաղաքացիներն իրենց դժգոհությունը հայտնելու համար ամեն օր փողոց էին դուրս գալիս: Ցույցերի առաջին օրերին ավելի քան 6700 մարդ էր ձերբակալվել, հարյուրավոր մարդիկ վիրավորվել էին և հոսպիտալացվել: ՆԳՆ տվյալներով՝ նրանց թվում էր իրավապահ մարմինների 120 աշխատակից: