Գյուղոլորտի խորհրդատուների կրճատումն ուղիղ հարված է գյուղատնտեսության զարգացմանը. Գիտնական
Գյուղատնտեսության ոլորտի խորհրդատուների կրճատումն ուղիղ հարված է մեր երկրի գյուղատնտեսության զարգացմանը։ Նման տեսակետ NEWS.am–ի հետ զրույցում հայտնել է տնտեսագիտության թեկնածու, գյուղատնտեսության փորձագետ Վարդան Ալեքսանյանը՝ անդրադառնալով Էկոնոմիկայի նախարարի որոշմամբ գյուղատնտեսական խորհրդտվության նորարարությունների և մոնիթորինգի վարչության շուրջ 7 տասնյակ աշխատակիցների օպտիմալացմանը։
«Մի կողմից խոսում են գյուղատնտեսության ոլորտում կտրուկ աճ ապահովելու մասին, մյուս կողմից հստակ արգելքներ դնում ոլորտի զարգացման համար՝ հաստիքներ կրճատելով փոքրացնում խորհրդատուների ինստիտուտի դերը»,–ասել է նա։
Ըստ փորձագետի՝ ֆանտաստիկայի ժանրից է նախարարի այն կանխատեսումը, թե գյուղոլորտում կտրուկ աճ է սպասվում։
«Քերոբյանի հայտարարությունը որևէ իրատեսական հիմք չունի։ Հունվար–մարտ ամիսների տվյալներով գյուղատնտեսության համախառն արտադրանքի գծով առկա է 1 տոկոս անկում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, իսկ արդյունաբերական արտադրանքի մասով անկումը 3,9 տոկոս է. մյուս բոլոր մակրոտնտեսական ցուցանիշները, օրեցօր խորացող գնաճը վկայում են բոլորովին այլ զարգացումների և սպասումների մասին։ Եթե պաշտոնական վիճակագրության մակարդակով թվերը խոսում են անկման մասին, ի՞նչ կտրուկ աճի մասին կարող է խոսք լինել»,–ասել է նա։
Գյուղոլորտում առկա խնդիրների, թուրքական ապրանքների վաճառքի արգելքի, հացահատիկի ցանքատարածությունների կրճատման և ոլորտին վերաբերող այլ հարցերի շուրջ Վարդան Ալեքսանյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ՝ NEWS.am–ի տեսանյութում։