Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ը 11 միլիոն դոլար է հատկացրել BBC-ին՝ լսարանն ընդլայնելու եւ ֆեյքերի դեմ պայքարելու համար
BBC համաշխարհային ծառայությունը 2021-2022 թվականներին լրացուցիչ 8 միլիոն ֆունտ սթեռլինգ (11 միլիոն դոլար) կստանա՝ լսարանն ընդլայնելու, ինչպես նաեւ ապատեղեկատվության եւ կեղծ լուրերի դեմ պայքարի համար: Այս մասին շաբաթ օրը հայտարարել է Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարարությունը, գրում է ՏԱՍՍ-ը:
«Աշխարհում, որտեղ պետությունները եւ հանցավոր խմբավորումները խեղաթյուրում են լուրերը, որպեսզի շահագործեն եւ ճնշեն մարդկանց, կենսականորեն կարեւոր է ապահովել աշխարհի իրադարձությունների անկախ եւ օբյեկտիվ լուսաբանում: Հատկացված միջոցները BBC-ի համաշխարհային ծառայությանը թույլ կտան անկախ լրագրությունը հասցնել աշխարհի շատ ավելի մեծ թվով մարդկանց` հակազդելով նրանց, ովքեր խեղաթյուրում են ճշմարտությունը եւ մոլորեցնում հասարակությանը»,- ասել է ԱԳՆ ղեկավար Դոմինիկ Ռաաբը, որի խոսքերն է մեջբերում գերատեսչությունը։
Թագավորության ԱԳՆ-ը նշել է, որ «որոշ պետություններ օգտագործում են ինտերնետային բոտերը, սոցիալական ցանցերում տարածելով վնասակար տեղեկություններ, այդ թվում՝ կորոնավիրուսի համավարակի մասին, եւ ֆեյքեր, որոնք բացահայտման կարիք ունեն»: Նշվել է, որ կառավարության օգնությունը նաեւ կօգնի BBC-ին շարունակել լրագրողական հետաքննությունները, այդ թվում՝ Աֆրիկայում եւ Մերձավոր Արեւելքում:
Ինչպես ընդգծել է Բրիտանիայի ԱԳՆ-ը, ВВС համաշխարհային ծառայության լրացուցիչ ֆինանսավորումը հատկացվել է այս տարվա մարտին երկրի անվտանգության, պաշտպանության եւ արտաքին քաղաքականության հարցերի համալիր մեկնաբանությունների հրապարակումից հետո: