Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը Երևանի կենտրոնով մայիսմեկյան ավանդական երթ է անցկացրել. Ակցիայի մասնակիցներից մեկի մոտ եղել է «Չենք վստահում իշխանությանը» գրությամբ պաստառ
Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը Երևանի կենտրոնով մայիսմեկյան ավանդական երթ է անցկացրել: ՀԿԿ ակտիվիստները հավաքվել էին Սարյանի պուրակի մոտ և կարմիր դրոշներով անցել Մաշտոցի պողոտայով, Ամիրյան փողոցով: Կոմունիստներն իրենց միջոցառումը անցկացրել են Ստեփան Շահումյանի հուշարձանի մոտ: Ակցիայի մասնակիցներից մեկի մոտ եղել է «Չենք վստահում իշխանությանը» գրությամբ պաստառ:
ՀԿԿ Կենտկոմի Առաջին քարտուղարի պաշտոնակատար Երջանիկ Ղազարյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ վերջին 30 տարում, այդ թվում նաև թավշյա հեղափոխությունից հետ, միանշանակ ցուցադրվել են սոցիալիստական համակարգի բոլոր դրական կողմերը: Եվ այն, նրա խոսքով, կարող է Հայաստանը դուրս բերել աղետալի դրությունից:
Պատասխանելով պատերազմում պարտության մասին հարցին՝ նա նշել է, որ իշխանության քաղաքականությունն է հանգեցրել պատերազմի աղետալի հետեւանքների:
Նա հիշեցրել է, որ կուսակցությունը մի քանի անգամ պահանջել է Փաշինյանի հրաժարականը: Ղազարյանը նաեւ նշեց, որ ՀԿԿ-ն քննարկում է արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հարցը, երբ օրը պաշտոնապես նշանակվի: