«Սա Լատվիայի աջակցության նշանն է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը». Դոնբասում բացվել է ԵՄ անդամ երկրի 1-ին հյուպատոսությունը
Ուկրաինայի արևելքում՝ Դոնեցկի մարզի Սլավյանսկ քաղաքում, բացվել է Լատվիայի պատվավոր հյուպատոսությունը:
Այս մասին այսօր իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Ուկրաինայում Լատվիայի դեսպանատունը, գրում է korrespondent.net-ը։
«Սեյմի արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ Ռիհարդս Կոլսը Դոնեցկի մարզի Սլավյանսկ քաղաքում բացել է Լատվիայի պատվավոր հյուպատոսություն: Ալեքսանդր Պավենկոն նշանակվել է Լատվիայի պատվավոր հյուպատոս», - ասված է հայտարարության մեջ:
Պատվավոր հյուպատոսությունը բացելիս Ռիհարդս Կոլսը նշել է, որ դրա բացումը «Լատվիայի աջակցության նշանն է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը»։
Նրա խոսքով՝ Լատվիան ցանկանում է Դոնեցկի մարզի հետ հարաբերություններ զարգացնել կրթության, տնտեսագիտության և այլ ոլորտների շրջանակում։
Պատվավոր հյուպատոսությունը կծառայի նաև որպես տեղեկատվական կետ, որը թույլ կտա տեղեկատվություն ստանալ Լատվիայի կրթական, զբոսաշրջության, տնտեսական ներուժի և Դոնեցկի մարզի հետ համագործակցության հնարավորությունների մասին: