Էրդողանը Ռուսաստանից մեծ քանակությամբ «Սպուտնիկ V»-ի մատակարարման հույս է հայտնել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել, է, որ իր երկիրը զգալի քանակությամբ կորոնավիրուսի դեմ ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութ է ակնկալում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը:
«Չեմ կարծում, որ Ռուսաստանից մեծ քանակությամբ պատվաստանյութերի մատակարարման հետ կապված խնդիրներ կունենանք: Իսկ եթե հարկ կլինի, Պուտինի հետ կքննարկենք և անհրաժեշտ քանակությամբ պատվաստանյութ կառաքվի»,- ասել է Էրդողանը:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոչան ասել էր, որ առաջիկա երկու ամիսվա ընթացքում երկիրը դժվարություններ կունենա կորոնավիրուսի դեմ պատվաստանյութեր ձեռք բերելու հարցում և հավելել, որ նոր համաձայնություն է ձեռք բերվել ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի 50 միլիոն դեղաչափ ձեռք բերելու վերաբերյալ:
Ավելի վաղ Reuters լրատվական գործակալությունը, հղում տալով Ռուսաստանի Դաշնության ուղղակի ներդրումների հիմնադրամին, նշել էր, որ թուրքական դեղագործական ընկերություններն իրենց գործարաններում ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութ են արտադրելու։