ՌԴ ԱԴԾ-ն Ռուսաստանի 9 քաղաքում բերման է ենթարկել 16 ուկրաինացի ծայրահեղականի
ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները Ռուսաստանի 9 քաղաքում ձերբակալել են ուկրաինացի արմատականների 16 աջակից` նեոնացիստական « М.К.У» համայնքից: Այս մասին գրում է «Իզվեստիան»:
Ձերբակալվածները մասնակից են բռնի հանցագործությունների կատարմանը, ծայրահեղականության քարոզչությանը, ինչպես նաև վարչական շենքերի պայթյունների և քաղաքացիների վրա զինված հարձակումների նախապատրաստմանը:
«Իրկուտսկում, Կրասնոդարում, Սարատովում, Տամբովում, Տյումենում, Չիտայում, Կրասնոդարի երկրամասի Անապայում, Մոսկվայի մարզի Պուշչինոյում , Պերեսլավլ-Զալեսկում, Յարոսլավլի մարզում ձերբակալվել է ուկրաինական երիտասարդական արմատական համայնքի 16 համախոհ», - ասվում է հաղորդագրության մեջ:
Խուզարկությունների ընթացքում նրանցից առգրավվել է սառը զենք, ծայրահեղական ատրիբուտիկա, ինչպես նաև կատարված և ծրագրված հանցագործությունների վերաբերյալ տվյալներ, կատարված գործողությունների մասին տեսանյութ-հաշվետվություններ, որոնք ուղարկվել են խմբի ղեկավար Եգոր Կրասնովին:
«Հարուցված քրեական գործերի շրջանակում իրականացվում են օպերատիվ-որոնողական միջոցառումներ և քննչական գործողություններ՝ նրանց անօրինական գործունեության բոլոր դրվագները բացահայտելու ուղղությամբ»,-ավելացրել են գերատեսչությունում:
Ըստ ԱԴԾ-ի, Եգոր Կրասնովը համակարգում էր խմբի գործունեությունը Ուկրաինայից: Նոր անդամները հավաքագրվում էին փուլ առ փուլ՝ նախ նրանց առաջարկում էին ծայրահեղական գրառումներ անել շենքերի վրա, ապա ծեծել անօթևանի կամ երիտասարդական ենթամշակութային կազմակերպության անդամներից մեկի:
Դրանից հետո անհրաժեշտ էր զենքով հարձակվել իրավապահ մարմինների աշխատակիցների վրա, հրկիզել ու պայթեցնել կառավարական շենքերը, պատմել են ձերբակալվածները: