Միանշանակ, մի օր բոլոր պատվաստանյութերն էլ հասանելի կլինեն բոլոր քաղաքացիների համար, շաբաթը, երկու շաբաթը մեկ պատվաստանյութերի նոր խմբաքանակներ ենք ստանալու
Միանշանակ, մի օր բոլոր պատվաստանյութերն էլ հասանելի կլինեն բոլոր քաղաքացիների համար, շաբաթը, երկու շաբաթը մեկ պատվաստանյութերի նոր խմբաքանակներ ենք ստանալու։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով հարցին, թե կգա՞ մի շրջան, երբ, օրինակ, «Սպուտնիկ-V»-ով էլ կպատվաստվեն 18-ից բարձր տարիքային խմբի անդամները, որոնք ռիսկային խմբում չեն:
«Հետաքրքրությունը «Սպուտնիկ V»-ի նկատմամբ շատ մեծ է, և մենք շատ ուրախ ենք։ Պատվաստանյութերը անհրաժեշտություն են, ոչ թե ընտրության, շքեղության միջոց»,- ասաց նա՝ հիշեցնելով, որ ցանկացած անձ, 18 տարեկանից բարձր, կարող է դիմել, հերթագրվել՝ անկախ իր կցագրման վայրից, և պատվաստվել։
Անդրադառնալով չինական պատվաստանյութին՝ առողջապահության նախարարի պաշտոնակատարը նշեց, որ այն ևս բաց է լինելու բոլորի համար, և 18-ից բարձր տարիքի բոլոր քաղաքացիները կարող են պատվաստվելու հայտ ներկայացնել։
«Բոլոր պատվաստանյութերը 100 տոկոսով պաշտպանում են հիվանդության ծանր և ծայրահեղ ծանր ընթացքից, ինչն էլ մեր նպատակն է։ Ես ցավով եմ նշում, որ մահվան 4000 դեպքերը հատել ենք, և դա աղետալի իրավիճակ է, և եթե կա միջոցը դրա դեմ պայքարելու, բոլորիս գիտակից մոտեցմամբ կարող ենք ՀՀ-ն առաջ բերել այն երկրների շարքին, որոնք չեն տրվում մանիպուլյացիային»,-ասաց նա։
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի ելույթին, թե Կառավարության ներկայացուցիչները պետք է պատվաստվեն, Ավանեսյանը նշեց․ «Ստիպելու հարց չի եղել, եղել է հորդոր՝ սկսել սեփական օրինակից։ Բոլոր երկրների կառավարությունները, առաջին դեմքերը սեփական օրինակով ցույց են տալիս, թե ինչքան կարևոր է օր առաջ պատվաստվելը»։
Անահիտ Ավանեսյանը նաև հայտնեց, որ հաջորդ շաբաթ փոփոխություն է լինելու կարանտինի որոշման մեջ, և այն քաղաքացիները, որոնք պատվաստված են, այլևս կարիք չեն ունենալու ՊՇՌ թեստ հանձնել՝ երկրից դուրս գալու կամ ներս գալու համար։
Ինչ վերաբերում է ԶՈւ ներկայացուցիչների պատվաստմանը, Ավանեսյանը նշեց, որ առաջիկայում նրանք ևս կընդգրկվեն պատվաստողների ցանկում։