Փոխվարչապետը և առողջապահության նախարարը երեկ «Аstrazeneca»–ով են պատվաստվել և, ինչպես տեսնում եք, որևէ արտառոց բան նրանց հետ տեղի չի ունեցել. Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստի ժամանակ
Մեկ շաբաթվա ընթացքում դահլիճում ներկա բոլոր մարդիկ կպատվաստվեն, ընդ որում՝ այսօր ունենք հետևյալ պատվաստանյութերը՝ «Аstrazeneca», «Sputnik V» և առաջիկայում պատրաստվում եք պատվաստանյութ ստանալ Չինաստանից: Այս մասին այսօր Կառավարության հերթական նիստին ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նա վստահեցրեց, որ եթե որևէ պատվաստանյութ վտանգ ներկայացնի քաղաքացիների կյանքին, Կառավարությունն այդ պատվաստանյութը չի ընդունի:
«Փոխվարչապետը և առողջապահության նախարարը երեկ «Аstrazeneca»–ով են պատվաստվել և, ինչպես տեսնում եք, նստած են, ներկա են և որևէ արտառոց բան նրանց հետ տեղի չի ունեցել»,- ասաց նա և նշեց, որ «Аstrazeneca»–ի շուրջ շատ շահարկումներ կան:
Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ պատվաստումների դեմ, ցավոք սրտի, Հայաստանում շարժումներ են սկսվել և հասկանալի չէ, թե դրանք ինչ նպատակ ունեն:
«Այս պահի դրությամբ պատվաստված 2690 մարդ, ինչը խայտառակ ցածր ցուցանիշ է, քանի որ ամբողջ աշխարհում պատվաստված քաղաքացիների թիվը երկրի որակի նշան է»,- ասաց նա և հավելեց, որ պատվաստվելը շուտով պարտադիր է լինելու ճամփորդություների համար: