Ֆրանսիայի ՆԳՆ-ն թուրքական «Անադոլու» պետական գործակալությանը մեղադրել է կեղծ լուրերով Ֆրանսիայի իշխանություններին թիրախավորելու համար
Ֆրանսիայի Ներքին գործերի նախարարությունը քննադատել է Թուրքիայի պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը՝ նրան մեղադրելով «Անկարայի խոսափողը» լինելու և կեղծ լուրերով Ֆրանսիայի իշխանություններին թիրախավորելու համար, հայտնում է Ahval թերթը։
Ֆրանսիայի Ներքին գործերի նախարարությանը կից Հանցավորության և արմատականացման կանխարգելման միջգերատեսչական հանձնաժողովը (CIPDR) նշել է, որ «Անադոլու»-ն ոչ թե լրատվական գործակալություն է, այլ «քարոզչական մարմին, որն իր կայքում կարծիքներ է հրապարակում՝ խաբուսիկ և չարամիտ պահվածքով հարձակվելով Ֆրանսիայի վրա»: Հանձնաժողովը մեղադրել է թուրքական գործակալությանը «Ֆրանսիայի մասին կեղծ լուրեր տարածելու համար»՝ մասնավորապես անդրադառնալով այն պնդումներին, որ «Ֆրանսիան թիրախավորելու է երկրում ապրող մուսուլման բնակչությանը» և պնդել, որ դա «անհանդուրժելի է»։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, փետրվարին Ֆրանսիան հավանություն էր տվել օրենքի նախագծին, որով ճնշում էր գործադվում այսպես կոչված «մուսուլմանական անջատողականության» նկատմամբ։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի օգնական Ֆահրեթին Ալթունը սուր քննադատել էր Հանցավորության և արմատականացման կանխարգելման միջգերատեսչական հանձնաժողովին և հորդորել Ֆրանսիայի կառավարությանը դադարեցնել պետական մարմինների միջոցով իսլամաֆոբիայի տարածումն ու «Անադոլու» լրատվական գործակալության նկատմամբ ճնշումը։