Արմինե Մելիքսեթյանն այս գործում անկախ և անաչառ չէ, հայտնելու ենք ինքնաբացարկի միջնորդություն. փաստաբանը՝ Արթուր Դանիելյանի և Ալեն Սիմոնյանի գործով դատավորի մասին (տեսանյութ)
Ինձ զանգեցին դատավորի աշխատակազմից և ասացին, որ դատախազը դիմում է ներկայացրել՝ մեկ այլ գործով զբաղված լինելու պատճառով չի կարող ներկայանալ: Բոլորս էլ հասկանում ենք, որ այս գործով դա չի կարող լինել պատահականություն. դատարանի բակում լրագրողներ հետ զրույցում ասաց «Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը:
Փաստաբանը նշեց, որ տուժող կողմը չի ներկայացել նիստին: Աթանեսյանի խոսքով՝ Արթուր Դանիելյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։
«Ակնհայտ է, որ խուլիգանության մասին խոսք լինել չի կարող, դա ծիծաղելի է, այդ անձանց միջև կա կոնֆլիկտ, այդ կոնֆլիկը խոստովանում է փոխխոսնակը: Երբ քեզ հարվածում են, շատ բնական ռեակցիա է քո պատասխանը: Ինչպես գիտեք, հարված հասցնողի մասը կարճվել է, իբրև թե աֆեկտիվ վիճակում է գտնվել։ Շատ ծիծաղելի է, որովհետև դատաբժշկական փորձաքննությունը չի գրել, որ կա աֆեկտ, քննիչն է որոշել, այսինքն՝ քննիչը նաև հոգեբան է, որոշել է, որ կա աֆեկտ և, հետևաբար՝ չկա հանցակազմ»,- մեկնաբանեց նա:
Տիգրան Աթանեսյանը նշեց, որ Ալեն Սիմոնյանի մասով գործը կարճելու որոշումը իրենց կողմից բողոքարկվել է, սեպտեմբեր ամսից գործը գտնվում է մեկ այլ դատավորի մոտ, սակայն նիստեր տեղի չեն ունենում:
Հարցին, որ այս քրեական գործը մակագրվել է դատավոր Արմինե Մելիքսեթյանին, այս դատավորից ի՞նչ ակնկալիքներ ունեք, Աթանեսյանն ասաց, որ երբ նիստը կայանա, դատավորին հայտնելու են ինքնաբացարկի միջնորդություն. «Իր գործողություններից ակնհայտ է, որ կա՛մ վերահսկվում է այս իշխանությունների կողմից, կա՛մ սատարում է կամ անձնական դրական վերաբերմունք ունի այս իշխանությունների նկատմամբ և դա արտահայտվում է իր կայացրած մի շարք դատական ակտերով: Այս գործում նա անկախ և անաչառ դատավոր չէ»:
Ըստ առաջադրված մեղադրանքի համառոտ նկարագրի՝ Արթուր Դանիելյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով անձի նկատմամբ, կատարել է խուլիգանություն, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով։ Արթուր Դանիելյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրված ստորագրություն չհեռանալու մասին:
Հիշեցնենք, որ գործն առնչվում է ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հետ տեղի ունեցած միջադեպին, որի վերաբերյալ պարզաբանում էր տվել Ալեն Սիմոնյանը և հայտնել. «Ի պատասխան իմ հասցեին հնչեցված հայհոյանքին՝ գլխով ջարդել եմ Արթուր Դանիելյանի քիթը»: