ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին, ըստ ՌԴ կառավարության, սպասվում է, որ կմասնակցեն հրավիրված հյուրեր. ՀՀ ԱԳ նախարարն ասել էր, որ որևէ կարգավիճակով Ադրբեջանին հրավիրելու հարցում կոնսենսուս չկա
Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը կմասնակցի ապրիլի 29-30-ը ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի՝ Կազանում կայանալիք նիստին, ասված է ՌԴ կառավարության հաղորդագրությունում:
Հաղորդվում է, որ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի կառավարությունների ղեկավարները քննարկելու են ԵԱՏՄ շրջանակում ինտեգրացիայի խորացմանն առնչվող հարցեր:
«Հատուկ ուշադրություն է հատկացվելու ներքին շուկայի գործառնականության, մաքսային դրույքաչափերի կարգավորման, ինչպես նաև՝ տիեզերական հետազոտությունների ոլորտում համագործակցության հեռանկարներին առչվող հարցեր»,- նշված է հաղորդագրությունում:
Բացի այդ, կառավարությունների ղեկավարները քննարկելու են մինչև 2025 թ. արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղությունները:
Ռուսաստանի կառավարության պաշտոնական հաղորդագրությունում նաև ուշագրավ հատված կա:
«Սպասվում է, որ նիստին կմասնակցեն ԵԱՏՄ դիտորդ-պետությունները և հրավիրված հյուրեր»,- նշված է պաշտոնական հաղորդագրությունում:
Հարցին՝ արդյո՞ք Հայաստանը արգելափակել է ապրիլի 29-30-ը կայանալիք ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին Ադրբեջանի մասնակցությունը, ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը Լիտվայի իր գործընկերոջ հետ Երևանում ապրիլի 26-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանել էր. «Որևէ կոնսենսուս չկա Ադրբեջանին որևէ կարգավիճակով հրավիրելու որևէ միջոցառման»։
Ավելի վաղ ռուսական RBC հեռուստաալիքը, հղում անելով Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտական կորպուսներում իր ունեցած աղբյուրներին, հաղորդել էր, որ ԵԱՏՄ անդամ երկրները քննարկել են Կազանում կայանալիք ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին Ադրբեջանի պատվիրակության մասնակցության հարցը, ինչը հնարավոր կլինի, եթե, ըստ աղբյուրի, դրան դեմ չլինի պաշտոնականը Երևանը: