Կրեմլը բացառել է Պուտին-Զելենսկի հավանական հանդիպման ժամանակ Դոնբասի հակամարտության քննարկումը
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ քննարկել միայն երկկողմ հարաբերությունների խնդիրները, այլ ոչ թե Ուկրաինայի հարավ-արևելքում առկա հակամարտությունները:
Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ նման տեսակետ է հայտնել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Նախագահը բացարձակապես հստակ արտահայտել է իր վերաբերմունքը խոսակցության նախաձեռնությանը, այդպիսի երկխոսության հնարավոր բովանդակությանը, ըստ որի՝ այն կարող է վերաբերել միայն երկկողմ հարաբերությունների խնդիրներին: Այսինքն՝ նման երկխոսությունը չի կարող անցկացվել Ուկրաինայի հարավ-արևելքում հակամարտության լուծում գտնելու նպատակով»,- հայտարարել է Պեսկովը՝ պատասխանելով լրագրողների այն հարցին, թե արդյոք ՌԴ նախագահի վարչակազմի և Ուկրաինայի նախագահի աշխատակազմի միջև շփումներ սկսվել են Պուտինի և Զելենսկիի հավանական հանդիպումը նախապատրաստելու առնչությամբ:
Ինչ վերաբերում է հարցին, թե ինչը կարող է լինել քննարկման առարկա և թե ինչ արդյունք կարող է ունենալ նման հանդիպումը, Պեսկովն ընդգծել է, որ «դա կախված է նրանից, թե ինչպես է Կիևը հասկանում երկկողմ հարաբերությունների էությունը, երկկողմ հարաբերությունների անցյալը և երկկողմ հարաբերությունների ապագան»:
«Որքանով են այդ հարաբերությունները Ուկրաինայի բնակչության համար անհրաժեշտ: Իհարկե, նախագահ Պուտինը բազմիցս ասել է, որ մենք շահագրգռված ենք բոլոր երկրների և հատկապես մեր հարևանների հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատել», - ավելացրել է Կրեմլի խոսնակը: