4 տարվա դադարից հետո Ժնևում վերսկսվում են Կիպրոսի խաղաղ կարգավորման բանակցությունները
«Կիպրոսի խաղաղության բանակցություններ»-ը 4 տարվա ընդմիջումից հետո վերսկսվում են, հայտնում է Ahval-ը և նշում, որ Ժնևում կայանալիք հանդիպմանը մասնակցելու են Կիպրոսի հունական և թուրքական հատվածների ղեկավարները և Հունաստանի և Թուրքիայի ներկայացուցիչները։
Երեքշաբթի Ժնևում կայանալիք հանդիպումը հյուրընկալվելու է ՄԱԿ-ի կողմից և ավարտվելու է հինգշաբթի։ Երկու կողմերի միջև բանակցություններ վերջին անգամ կայացել են 4 տարի առաջ Շվեյցարիայի Քրանս Մոնթանա քաղաքում։
Հիշեցնենք, որ Կիպրոսը բաժանվել է 1974 թվականին, այն բանից հետո, երբ թուրքական ուժերը ներխուժել են Կիպրոս։ 2004 թվականի ապրիլի 24-ին Կիպրոսի հույների մեծմասնությունը դեմ է քվեարկել ՄԱԿ-ի կողմից առաջարկված երկհամայնքային համակարգին, որի օգտին են քվեարկել Կիպրոսի թուրքերը։ Սակայն այժմ պաշտոնական Անկարան և Կիպրոսի թուրքամետ հյուսիսային իշխանությունը դեմ են ՄԱԿ-ի ծրագրին՝ նշելով, որ այդ մոդելի շուրջ առկա բանակցություններից որոշները ձախողվել են։
Կիպրոսի հունական իշխանությունը նշում է, որ խնդրի լուծման հիմքում պետք է ընկած լինի մեկ ինքնիշխանությունը, մեկ քաղաքացիությունը և մեկ միջազգային ներկայացուցչությունը։ Կիպրոսի հույների կողմից վերահսկվող Կիպրոսի Հանրապետությունը կոչ է արել կղզուց դուրս բերել 300 հազար թուրքական զորքերը և չեղարկել Հունաստանի, Թուրքիայի և Մեծ Բրիտանիայի կողմից երաշխավորության մասին առաջարկը։
Միջազգայնորեն ճանաչված Կիպրոսի Հանրապետությունը վերահսկում է կղզու հարավային երկու երրորդը, իսկ մնացած մասը ղեկավարում է Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը, որը ինքնահռչակ պետություն է և ճանաչված է միայն Թուրքիայի կողմից: