Իրանական նավերը Պարսից ծոցում շրջափակել են ԱՄՆ առափնյա պահպանության 2 նավ. The Wall Street Journal
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՊԿ, Իրանի զինված ուժերի մաս) նավերն ապրիլի սկզբին Պարսից ծոցում շրջափակել են ԱՄՆ առափնյա պահպանության 2 նավ, հայտնում է The Wall Street Journal- ը՝ վկայակոչելով ԱՄՆ ռազմածովային ուժերի ներկայացուցիչներին:
Պարբերականի տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել ապրիլի 2-ին, բայց այս մասին նախկինում չէր հաղորդում: ԱՄՆ ռազմածովային ուժերը հաստատել են, որ 3 մարտական նավ և 1 օժանդակ նավ` «հարձակվել են առափնյա պահպանության 2 նավի վրա, երբ Պարսից ծոցի հարավային հատվածում դրանք հսկում էին միջազգային ջրերը»:
Մասնավորապես, ամերիկյան Wrangell նավը ստիպված է եղել դիմել մանևրների ՝ բախումից խուսափելու համար:
Ըստ պարբերականի՝ ամերիկյան նավերի անձնակազմը մի քանի նախազգուշացում է տվել, սակայն իրանական կողմի պատասխաններն անհասկանալի են եղել: Միջադեպը տևել է 3 ժամ, ԱՄՆ զինված ուժերն իրանցի նավաստիների գործողությունները համարել են «վտանգավոր և ոչ պրոֆեսիոնալ»: