Մաֆիան ներթափանցում է Իտալիայի հանգստի արդյունաբերություն
Մաֆիան ներթափանցում է Իտալիայի հանգստի արդյունաբերություն եւ խափանում է այն, հայտարարել է զբոսաշրջության նախարար Մասիմո Գարավալիան՝ մատնանշելով նոր զեկույցը, որում ասվում է, որ մաֆիոզիները միլիարդավոր եվրոներ են լվանում այս ոլորտի միջոցով, հաղորդում է Reuters-ը:
Demoskopika հետազոտական խումբը հայտարարել է, որ մաֆիան այս տարի զբոսաշրջության ոլորտից պետք է շուրջ 2,2 միլիարդ եվրո ստանար: «Սա տագնապահարույց զեկույց է: Մաֆիայի ներթափանցումը լուրջ վնաս է հասցնում համավարակից արդեն տուժած հատվածին»,- ասվում է նախարարի հայտարարության մեջ:
Իտալիայում կան մի քանի մաֆիոզ խմբավորումներ, որոնց գլխավոր գրասենյակը գտնվում է հարավային շրջաններում, դրանց թվում է «Նդրանգետան», որը գտնվում է Կալաբրիայում եւ շրջանցել է Սիցիլիայի «Կոզա նոստրա»-ին` դառնալով երկրի ամենահզոր հանցավոր խմբավորումը:
Demoskopika-ն հաշվարկել է, որ «Նդրանգետան» անօրինական եկամտի գրեթե 40%-ը կստանա զբոսաշրջության ոլորտից:
Demoskopika-ն հայտարարել է, որ, իր կարծիքով, շուրջ 4450 ձեռնարկություններ մաֆիայի ձեռքն ընկնելու վտանգի տակ են, քանի որ ավազակախմբերը փորձում են գրավել հյուրանոցներն ու ռեստորանները եւ դրանք օգտագործել որպես փողերի լվացման միջոց:
«Զբոսաշրջության ոլորտի ընկերությունների ավելի քան 13%-ը COVID-ի պատճառով դեֆոլտի վտանգի տակ է եւ կարող է տուժել կազմակերպված հանցագործների կողմից տնտեսական ներթափանցման ագրեսիվ ռազմավարությունից»,- ասել է Demoskopika-ի ղեկավար Ռաֆայելե Ռիոն: