Հնդկաստանի հիվանդանոցներից մեկում հրդեհի հետևանքով 13 մարդ է զոհվել
Հնդկաստանում հրդեհ է բռնկվել Մահարաշտրա նահանգի մասնավոր հիվանդանոցում, որի հետևանքով մահացել է առնվազն 13 մարդ: Հրդեհը բռնկվել է կորոնավիրուսային բաժանմունքում, գրում է The Hindu հրատարակությունը:
Հրդեհը, ըստ տեղական իշխանությունների, սկսվել է առավոտյան ժամը 3-ից հետո` քառահարկ հիվանդանոցի երկրորդ հարկում գտնվող ինտենսիվ թերապիայի բաժանմունքում:
Հրդեհի պահին բաժանմունքում եղել է 17 հիվանդ. 4 մարդ փրկվել է:
Հրշեջներից շուրջ 2 ժամ է պահանջվել հրդեհը մարելու համար: Անձնակազմը և հիվանդները տարհանվել են: