Շանհայի արդյունաբերական օբյեկտներից մեկում հրդեհ է բռնկվել. զոհվել է 8 մարդ, այդ թվում՝ 2 հրշեջ
Ութ մարդ, այդ թվում՝ 2 հրշեջ է զոհվել Չինաստանի Շանհայ քաղաքում գտնվող արդյունաբերական հաստատությունում բռնկված հրդեհի պատճառով:
Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով քաղաքային իշխանությունների հայտարարությունը:
Հրդեհը տեղի է ունեցել Ցզինշանի շրջանում գտնվող Shanghai Shengrui Electronic Technology-ին պատկանող արդյունաբերական օբյեկտներից մեկում: Տեղական ժամանակով 06:20-ին կրակը մարվել է:
Նշվում է, որ որոնողափրկարարական աշխատանքները տևել են գրեթե ամբողջ գիշեր, որի արդյունքում փրկարարները հայտնաբերել են ութ մարմին, այդ թվում՝ 2 հրշեջի, որոնք դեպքի վայր էին մեկնել ահազանգը ստանալուն պես:
Ներկայում դեպքի վայրում աշխատանքներ են տարվում հետևանքները վերացնելու ուղղությամբ, հրդեհի պատճառները դեռ պարզված չեն, հետաքննությունը շարունակվում է: